Գյումրու երկաթգծում գործադուլ է

գործադուլԱյսօր գործադուլ  են  իրականացրել  Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները, ովքեր պահանջում են  բարձրացնել իրենց աշխատավարձները, ինչպես նաև ուզում են հանդիպում ունենալ  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ:

Նրանք արդեն մի քանի անգամ բարձրացրել են այս հարցը, սակայն այդպես էլ գոհացնող պատասխան չեն ստացել: Տեսնելով, որ գլխավոր տնօրենը չի ցանկանում հանդիպել իրենց հետ՝ գրավոր դիմել են նրան: Ստացել են նաև դիմում-բողոքի պատասխանը՝ այս պահին չենք կարող աշխատավարձ բարձրացնել, նման գումարներ չունենք:
Այսօր առավոտյան 08:00-10:00  մեքենավարներն ու նրանց օգնականները հավաքվել էին լոկոմոտիվային դեպոյի տարածքում, դադարեցրել աշխատանքները և պահանջում էին Վիկտոր Ռեբեցի հետ հանդիպում:

«Եթե գումար չկա նորմալ վարձատրելու համար, ինչպե՞ս են հովանավորություններ անում, ինքը՝ Ռեբեցը, ինչպե՞ս է աշխատավարձ ստանում, ամիսը երկու անգամ տուն գնում-գալիս և այլն»,- դժգոհում էին աշխատակիցները:
Գործադուլի մասնակիցները նշում են, որ  իրենց աշխատավարձերը պակասել են նաև Ռեբեցի նոր աշխատաոճի պատճառով: Մեքենավարի օգնական Ավագ Տիգրանյանը նշում է. «Բեռնափոխադրումը թանկացրեցին, քաշը՝ ավելացրեցին, բնականաբար գնացքը փոքրանում է: Եթե այն ժամանակ պիտի տանեինք 20 վագոն, հիմա՝ 30 վագոն: Հետևաբար, բրիգադի ժամերը կրճատվեցին, գործը՝ պակասեց, բնականաբար, փողն էլ քչացավ»:
Ասում են՝ աշխատավարձերից պահվում է 31 տոկոս, որից 26-ը եկամատահարկի, 5-ը՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդի համար. «Գրված է 5 տոկոս, բայց ամեն մարդուց 12-15 տոկոս է պահվում»:

«Աշխատավարձն աչքի չափով են հաշվում, մոտավորապես կհաշվեն ժամավճարները, կնայեն նախորդ ամիս ինչքան ես ստացել, այդքան էլ կվճարեն», – ասում են դեպոյի աշխատակիցները:

Սամվել Հարությունյանը 30 տարվա մեքենավար է, բայց նման իրավիճակի երբեք չի հանդիպել: «Այս դեպքերն արդեն 15 օր է շարունակվում են, հեռուստատեսությամբ ելույթներ ենք ունեցել, բայց մինչ օրս որևէ արձագանք չկա, ոչ մի բան չի փոխվել, որևէ մեկը չի եկել մեզ հետ բանակցելու: Մենք այս քայլին ստիպված գնացինք»,- ասում է նա:
Մեքենավարների գործադուլին «Հարավկովկասյան երկաթուղուց» ոչ մեկը չարձագանքեց: Միայն գործադուլի ակցիայի վայր ժամանեց Գյումրու կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը, ով նշեց,  թե ինքը լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների մասով որևէ բան ասել չի կարող: Գործադուլը խանգարել է կայարանի աշխատանքին, քանի որ մարդադար գնացքը ժամանակին չի  ուղարկել, ուղևորները մինչև ժամը 10-ը սպասել են:  Վահան Գասպարյանը խոստացավ իր իրավասությունների սահմաններում նպաստել Վիկտոր Ռեբեցի և աշխատակիցների հանդիպմանը:

Tags: ,