Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

176.Genocide commemoration events in Lebanon 25.04.2014Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսավոր սուրբ պատարագ, որին Մայրավանքի բակում  հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական,  մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին Անթիլիասի Մայրավանքի բակում գտնվող  «Նահատակաց հուշարձանի» մոտ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց հարյուրավոր ներկաներին ուղղված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հայրապետական պատգամը:

Ապրիլի 24-ի  երեկոյան  Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ:  Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցների, Լիբանանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ:

Նախորդ օրը՝ ապրիլի 23-ի երեկոյան, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական մարմինը կազմակերպել էր մոմավառության քայլարշավ Բուրջ Համուտից մինչև Բեյրութի նահատակաց հրապարակ:

Տասնյակ հազարավոր հայորդիներ «Նահատակաց հրապարակում» մասնակցեցին  ոգեկոչման ձեռնարկին` լիբանանյան պետական, քաղաքական, կուսակցական մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, հոգևորականների ներկայությամբ:  Ելույթներով հանդես եկան երիտասարդական մարմինների անդամներ Արին Ղազարյանն ու Աշոտ Բագրատունին, որոնք նշեցին, որ հայ երիտասարդները կշարունակեն իրենց պայքարը հանուն պատմական ճշմարտության հաստատման:

Ապա ելույթով հանդես եկավ Լիբանանի ներքին գործերի նախկին նախարար Զիադ Բարութը, ով նշեց, որ ապրիլի 24-ին կանգնած է հայության կողքին: Նա հարգանքի տուրք մատուցեց հայ նահատակների հիշատակին՝ ընդգծելով, որ  հատուկ վերաբերմունք ունի այն հայերի  նկատմամբ, որոնք շարունակեցին գոյատևել հակառակ տառապանքների և արհավիրքի:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայտոսթյանը: Նա նշեց, որ 99 տարի առաջ տեղի ունեցած ահավոր ողբերգութունից հետո հայությունը չգնաց դեպի անորոշ ապագա, չկորցրեց իր լույսն ու հույսը, այլ կարողացավ վերագտնել իր տունն ու ինքնությունը:

Հայ Կաթողիկե պատրիարքարանում տեղի ունեցավ նաև հայ կաթողիկե երիտասարդական միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հսկման երեկո, որին ներկա էին դեսպան Քոչարյանը, պետական պաշտոնյաներ, հոգևոր առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի անդամներ:

Բացման խոսքով հանդես եկան Ռուբինա Թովմասյանը և Կարո Մարաշլյանը: Ելույթով հանդես եկավ նաև Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, ով համառոտ ներկայացրեց Հայ Դատի պատմությունը: Հայր Անդրանիկ Ծ.Վ. Կռանյանը ներկայացրեց Հայ Կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի պատմությունը:

Tags: ,