«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» Նյոնում և Կաննում

Հարություն-ԽաչատրյանՀարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ.փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel»  կինոփառատոնում ապրիլի 30-ին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանկարգում:

«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է  1969 թ-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր ետին պլան է մղվում:

Նշենք, որ Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին՝ նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը,  իսկ «Սպիտակ քաղաք»  ֆիլմը 1989թ-ին արժանացել է  «Արծաթե սեստերցի»  հեղինակավոր մրցանակին:

Հանդիսանալով հեղինակային վավերագրական կինոյի առաջատար տարածողներից մեկն աշխարհում` «Vision du Reel»-ը նաև իր ծրագիրն է ներկայացնում Կաննի միջազգային կինոփառատոնում. վերջինս յուրաքանչյուր տարի հատուկ ծրագրով ներկայացնում է աշխարհի լավագույն վավերագրական ֆիլմերի փառատոների առաջարկած ծրագիրը: «Vision du Reel»-ի առաջարկով Կաննի 67-րդ ՄԿՓ-ի ցուցադրությունների ծրագրում ընդգրկվել  է նաև Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը: Հիշեցնենք, որ Կաննի ՄԿՓ-ը այս տարի տեղի կունենա մայիսի 14-ից 25-ը:

 

Tags: