Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում

185.Genocide commemoration events in Rome 25.04.2014Ապրիլի 24-ին Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

         Արարողությանը ներկա էին կաթոլիկ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ և մարոնիտ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իտալական հասարակության և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողության ավարտին եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Գերհարգելի հայր Գևորգ վարդապետ Նորատունկյանի կողմից կատարվեց Հայոց Եղեռնի անմեղ զոհերի հոգեհանգստյան արարողություն:

Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով իր ելույթում կարևորեց պատմական հիշողության և ժխտողականության դեմ պայքարի արդիականությունը:

Մասնակիցներին նաև ընթերցվեց Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի ուղերձը, որում մասնավորապես ասված է. Հայոց ցեղասպանությունը` մի խորը վերք է մեր քաղաքակրթության համար: Եվ ցեղասպանության հիշատակը, պատմական փաստերի մանրակրկիտ պահպանման հետ մեկտեղ, հիմնարար դեր ունի ժողովուրդների խաղաղ ապագայի համար:

Այնուհետև, խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Էմիլիա Դե Բիազին, ով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելով, մասնավորապես կարևորել է ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը, այն որակելով, որպես համամարդկային հիմնարար արժեք:

Նույն օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձ է տարածել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինին, հայտարարելով. Բազում միջոցներ գոյություն ունեն հարգելու մեր պատմությունը, որոնցից առաջինն է` վառ պահել հիշողությունը: Այսօր, հիշելով Հայոց ցեղասպանությունը, մենք խորապես մոտ ենք զգում մեզ Հայ ժաղովրդին: Մի ցեղասպանություն, որը` նորագույն պատմության ամենագորշ էջերից մեկն է: Բոլոր իտալացիները, անկախ իրենց քաղաքական, մշակութային, կրոնական հայացքներից, հայության կողքին են, որը մեծ դեր ունի մարդկության պատմության մեջ»:

Անկախ

Tags: ,