«Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն և 7 ոսկերչական ընկերություններ ստորագրեցին նոր տնտեսական գոտու պայմանագրեր

ոսկերչությունԱյսօր «Նովոստի-Արմենիա»  միջազգային մամուլի կենտրոնում Ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ  «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  ՓԲԸ-ն ՝ ի դեմս գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանի, և 7 ոսկերչական ընկերություններ կնքեցին համագործակցության պայմանագիր: Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»   ՓԲԸ-ն պարտավորվում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ազատ տնտեսական գոտու  կազմակերպչի համար ամրագրված գործառույթները, այն է՝ սահմանված կարգով նախաձեռնել և ապահովել ազատ տնտեսական գոտում համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը և կառավարումը: Շահագործող կազմակերպությունն իր հերթին հայտնում է իր պատրաստակամությունն  ազատ տնտեսական գոտում վարձակալել տարածք՝ ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:

Պայմանագրեր ստորագրեցին ռուսաստանաբնակ Եկատերինա Գևորգյանին պատկանող ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, «Թանկարժեք»  (Ռուսաստան), «Դուրուս»  (ԱՄՆ), «Ալեքս»  (Ալժիր), «Գոլդեն սոլուշնս» (Հորդանան), «Գոլդ Լիս»  (ԱՄՆ), «Պեռլի»  ընկերությունները: Նշված կազմակերպությունների արտահանման շուկաների աշխարհագրությունը ներառում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հոնկոնգը, Թաիլանդը, Ավստրալիան, Բրազիլիան, Բելգիան, Չեխիան, Հորդանանը և այլն:

Բացի վերոնշյալ ըկերություններից,  մոտ օրերս կկնքվի պայմանագիր ևս մեկ ընկերության հետ, որն իր գործունեությունը կծավալի ադամանդագործության ոլորտում: Արդյունքում կստեղծվեն մոտ 100 աշխատատեղեր:

«Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը տեղեկացրեց, որ մայիս ամսին իրենք պատրաստվում են ոսկերչական ըկերությունների մի մեծ խմբի հետ ևս պայմանագրեր կնքել: Ապա կսկսվեն տարածքների պատրաստման համապատասխան տեխնիկայի և ինֆրաստրուկտուրաների ձեռքբերման աշխատանքները:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  կազմակերության ներուժը շատ մեծ է, քանի որ այն համախմբում է աշխարհի բոլոր հայ ոսկերիչներին: Նոր ստեղծվող ազատ տնտեսական գոտին կդառնա ոսկերիչների համար ազատ գոտի, որտեղ կկարողանան ստեղծագործել և իրենց արտադրանքն արտահանել:

Անդրադառնալով արտահանման հիմնական շուկաներին՝ Տիգրան Հարությունյանը նշեց, որ մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, դրա համար էլ իրենք կարևորում են Մաքսային միությանն անդամակցությունը:

Tags: