Ամեն ինչի համար կվճարի Սևանը. խորհրդարանում քննարկվում է վիճահարույց օրինագիծը

imagesԱյս պահին խորհրդարանը քննարկում է “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” հարցը:

Նախագծով նախատեսվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով: Օրենքի նախագծի դեմ ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ բնապահպաններ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ 2001 թվականից ի վեր՝ “Սևանի մասին” օրենքն ընդունվելուց հետո, կառավարությունն ընդամենը երկու անգամ է դիմել խորհրդարանին ջրառը ավելացնելու համար, սակայն դա արել է ստիպված:

“Արդյոք մենք իրավունք ունե՞նք Արարատյան դաշտավայրին ջուր չտալու ոռոգման համար, բոլորն էլ համամիտ են, որ ոչ: Մյուս կողմից , մենք թույլատրել ենք տնտեսության և ձկնարտադրության զարգացման համար օգտագործել Արարատյան դաշտավայրի ջրերը”,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ձկնարտադրության հարցը պետք է լուծել 3-4 տարվա մեջ՝ ձկնարտադրողներին աստիճանաբար հանելով Արարատյան դաշտավայրից և թողնելով, որ ջրային պաշարները վերականգնվեն:

Խոսելով Ախուրյանի ջրամբարի ջրառի հետ կապված հարցի մասին՝ պատգամավորը հիշեցրեց, որ Թուրքիան արդեն Արաքսի վտակների վրա հինգերորդ ջրամբարն է կառուցում, մինչդեռ, ըստ բոլոր միջազգային պայմանագրերի, այն պետք է օգտագործվի համատեղ:

“Այսինքն, Թուրքիան արդեն մեկուկես միլիարդ խմ վերցնում է, իսկ ինչ մնում է՝ կիսում է մեզ հետ: Մենք այստեղ լուրջ խնդիր ունենք և պետք է ռեսուրսներ չխնայենք ջրամբարներ կառուցելու համար: Բացի այդ, պետք է շարունակենքնաև Սևանա լճի բարձրացման մակարդակը”:

Ինչ վերաբերում է Սևանից հավելյալ ջուր հանելուն, ապա Հակոբ Հակոբյանը այս պահին դրան այլընտրանք չի տեսնում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ հայտարարեց, որ իրենք անընդունելի են համարում այս օրինագիծը: “Ակնհայտ է, որ սա լուրջ խնդիրներ է առաջացնելու՝ հակասելով 2001 թվականին ընդունված “Սևանա լճի մասին օրենքին”, վտանգելու է լճի էկոհամակարգը, նպաստելու է լճի ճահճացման գործընթացին”:

Նա նաև դեմ արտահայտվեց արհեստական կերով 50 գազար տոննա ձկան աճեցումը Սևանում:

Փոխարենը առաջարկեց ձեռնամուխ լինել “Սևանա լճի մասին” օրենքով սահմանված գործառույթներին:

Խոսելով Արարատյան դաշտավայրի սակավաջրության և դրա հետևանքով առաջացած իրավիճակի մասին՝ նա ասաց, որ այս ծանր իրավիճակն առաջացել է ջրային պաշարների անխնա օգտագործման հետևանքվո՝ մասնավորապես ձկնաբուծարանների շահագործման հետ կապված:

“Ո՞վ է այդ ամենի համար պատասխան տվել,-հարցրեց պատգամավորը,-կառավարությունը հիմա գտել է ամենահեշտ լուծումը՝ ամեն ինչի համար կվճարի Սևանը: Այս վիճակի գլխավոր պատճառը ոչ արդունավետ կառավարումն է, կոռուպցիան, ամենաթողությունն ու սեփական բիզնես շահերի սպասարկումը”:

Հարցը քննարկումը շարունակվում է:

Անկախ

 

Tags: , , ,