ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Սևանից հավելյալ 70 միլիոն խմ ջրի բացթողումը համարում է չհիմանվորված և Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների անթույլատրելի քանակի օգտագործման հետևանք:
Նա հիշեցրեց, որ վերջին 60 տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 16 մետրով, և դա էկոլոգիական լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ: “Անգամ լույս չեղած տարիներին կառավարության այդքան ջուր դուրս չի եկել”,-ասաց նա:
Արամ Մանուկյանի խոսքով՝ կառավարությունը նպատակային ձևով վերջին 3-4 տարվա ընթացքում դադարեցրել է Սևանա լճի մակարդակի բարձրացումը:
Ի դեպ, նա նաև նշեց, որ 2011 թվականին, երբ Հայաստանը միացել է Բալթյան համակարգին, թղթի վրա 20 սմ-ով Սևանի մակարդակը արհեստականորեն բարձրացվել է:
Արամ Մանուկյանը կարծում է, որ ոռոգման խնդրով պայմանավորված չէ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու խնդիրը, այլ դրանով իրականում այլ խնդիրեր են լուծվում՝ այդ թվում նաև Սևանա լճի շուրջ հավելյալ կառույցների պաշտպանվածության հարցը:
Բացի այդ, պատգամավորը հաշվարկել է, որ ջրի բացթողումը տարեկան միլիոնավոր դոլարների եկամուտ է բերում: “Մեր չինովնիկները և Սևանը պահելու համար են փող աշխատում, և Սևանից ջուր բաց թողնելով: Կրկնակի բիզնես է”,-ասաց նա:
Մանուկյանը հիշեցրեց երկրի նախագահի և կառավարության հայտարարությունները, որ պետք է 3 ջրամբարներ կառուցվեն: Մինչդեռ պատգամավորը դիմել է կառավարություն և ստացել է պատասխան, որ այդ ջրամբարների կառուցման համար դեռևս նախագծեր չկան: “Այդ խնդիրը չլուծելու համար առնվազն պետք է կառավարությանը դատի տալ”,-ասաց նա:
Պատգամավորը հարց բարձրացրեց՝ եթե կառավարությունը ջրամբարների կառուցման հարցը չի կարողանում լուծել, այդ դեպքում ինչո՞ւ վաճառեց Որոտանի չորս կասկադները և այն էլ իր արժեքից այդքան պակաս գնով: Ընդ որում, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այդ չնչին գումարն էլ դեռևս չի փոխանցվել:
Դիմելով լրագրողներին՝ նա կոչ արեց հետաքննություն անել, քանի որ իրենք տեղեկություն ունեն, որ Սևանից բաց է թողնվելու օրենքի նախագծով առաջարկվող 70 միլիոն խմից ավելին՝ ջրառը հասնցենլով ընդհուպ 500 խմ-ի:
Նրա ձեռքին է նաև էկոլոգների դիմումը, որով խնդրում են Սևանի հետ կապված քվեարկությունը չիրականացնել:
“Ամոթ է, որ Հայաստանում կան գիտնականներ, որոնք պնդում են, թե Սևանի բարձրացումը կարող է վնասել լճին՝ առաջացնելով էկոլոգիական վտանգ”,-հավելեց նա:
Tags: «Սևանա լիճ», Ազգային ժողով, Արամ Մանուկյան
