«Այն երկրներում, որոնք մասնակցել են պատերազմին, հսկայական քանակությամբ զենք է ներմուծվել: Եթե մի տեղ զենք կա, ապա դա կրակելու է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը` հավելելով. «Այսօր իրեն գողական կարող է համարել 3-րդ մասի շուկայում կանգնած մի ջահել տղա, որն իր գրպանում ունի կիսատ, ժանգոտած մի դանակ, քանի որ այդ հասկացությունը մեզ մոտ լղոզվել է»:
Նա քրեական աշխարհի վերջին կարևոր նորությունն է համարում Արտյոմ Սարգսյանի ձերբակալությունը: Գալոյանը տեղեկացրեց, որ Արտյոմ Սարատովսկի անունով հայտնի անձը ընդամենը մեկ-երկու ամիս առաջ է կնքվել «օրենքով գող». «Արտյոմ Սարատովսկու ձերբակալությունը շատ սովորական սխեմայով գնաց, նրա մոտ հայտնաբերեցին թմրանյութ, որը մարդուն ձերբակալելու լավագույն ձևն է: Հետո մեղադրեցին սպանություն կազմակերպելու և իրականացնելու մեջ: Ինչի՞ ձերբակալվեց նա: Այս տղան շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա, այս մարդը բավականին ուժ ունեցող մարդ է »,- ասաց նա:
Սերգեյ Գալոյանը նշեց, որ, եթե որևէ մեկի մտքով անգամ կանցնի, որ կրիմինալ աշխարհը որևէ երկրում իշխանությունների հետ կապ չունի, կսխալվի. «Ազգային ժողովի պատգամավորները ասում են` օրենքը ես եմ գրել (թեև այն նրանց փոխարեն մի խելոք մարդ է գրել), ես էլ կխախտեմ այն»,-ասաց քրեագետը, ընդգծելով, որ պատգամավորի անձեռնմխելիության կարգավիճակը ևս նպաստում է օրինազանցությանը:
Սերգեյ Գալոյանը այժմ գրում է մի գիրք Գյումրիում կատարվող հանցագործությունների մասին. «Սարսափելի հանցագործություններ են կատարվում այդ քաղաքում: Գյումրիում կրակոցները սովորական են դարձել»,-նշեց նա:
Tags: Գողական հասկացություն, Հայաստան, Սերգեյ Գալոյան
