Դիարբեքիրում բնակվող վերջին հայերը՝ 84-ամյա Սարգիս Էքենը և 87-ամյա Բայզո Ալաթան 60 տարի համատեղ կյանքից հետո որոշել են պսակադրվել: Ավադույթի համաձայն՝ զույգը զարդարված կառքով եկել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Եկեղեցու բակում հավաքվել են բազմաթիվ հյուրեր, շուրջպար են բռնել հայկական և քրդական ժողովրդական երգերի ուղեկցությամբ, լուսանկարվել նորապսակ զույգի հետ: Պսակադրության վկաներն են դարձել Դիարբեքիրի համաքաղաքապետներ Գյուլթան Քըշանաքն ու Ֆըրաթ Անըլը: Բայզո Ալաթանը բոլորի ծափահարությունների ներքո պարել է ավանդական հարսի պար: «Առանց պսակադրվելու մահանալ չէի ուզում: Այսօր շատ երջանիկ եմ: Ինչպես միշտ մեզ մենակ չթողեցին: Բոլորը մեզ սիրում են: Ես էլ նրանց եմ սիրում: Թող Աստված բոլորին նման երջանիկ օր պարգևի»,-ասել է Ալաթանը:
Հարսանիքի պատվավոր հյուրը՝ Գյուլթան Քըշանաքը ուրախությամբ նշել է, որ իրենք ականատեսը դարձան մի հավերժական պահի: «Դասական մի պսակադրություն չարեցինք: Մենք ցույց տվեցինք իրենց սերը չսպառած երկու մարդու անմահ սերը: Թող այն օրինակ լինի երիտասարդների համար»,-նշել է Քըշանաքը:
Անկախ
Tags: Դիրարբեքիր, հայեր, Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի