Վարդան Այվազյանն առաջարկեց կտրել իր ձեռքը, եթե ինքն է գողանում Սևանի ջուրը

g_imageՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանում  “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” հարցի քննարկման ժամանակ շտապեց պաշտպանել Սևանից հավելյալ 70 խմ ջուր բաց թողնելու նախագիծը:

«Կարծես՝ հիշողության կորուստ է: 2006 թվականի դեկտեմբերին ՀՀԿ-ն ընդունեց պատմական որոշում՝ էներգետիկ նպատակով Սևանա լճից ջրի բացթողումն արգելելու մասին: Ցանկացած գաղափար կարելի է սևացնել՝ ինչպես ուզում եք: Հերի՛ք է բառախաղով զբաղվեք: Էդ գյուղացիքին ջուր որտեղի՞ց եք տալու: Խոսում եք արտագաղթից ու ասում եք՝ եկեք ջուր չտանք: Էս ի՜նչ մի սկսեցիք կասկածել ադրբեջանական համագործակցության մեջ: Միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք, պրծնեք: Խոսելով հո չի՞, էդ անտեր լեզուն ոնց ուզում, պտտվում ա: Բայց որ արդեն թվեր են խեղաթյուրվում, դա է ինձ անհանգստացնում»,-վրդովվեց Վարդան Այվազյանը:

Նա ասաց, որ համամիտ է Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների անխնա օգտագործման հետ, երկու ձեռքով կողմ է ավելի խիստ չափանիշներ դնելուն: Պատրաստ է նաև միանալ Սևանա լճիից ջրի կորուստների ստուգման հարցով զբաղվելուն. «Եկե՛ք նայենք, որ մի խորանարդ մետր ջուր չգողանան: Եթե ես եմ գողանում, իմ ձեռքը կտրենք, մեկ ուրիշն է գողանում, նրա ձեռքը կտրենք: Անխնա օգտագործողներին եկեք պատժենք»,-առաջարկեց Այվազյանը:

Նա կառավարությանը քննադատողներին  հիշեցրեց, որ այս «շատ վատ կառավարության» գալուց հետո Սևանը հասցվել է 1960 թվականի մակարդակին: «Իսկ էն մի իշխանությունը, որը շատ լավն էր, ջուրն իջացրեց ամենացածր մակարդակի»,-ակնարկեց նա ՀԱԿ-ին:

 

Անկախ

Tags: , , ,