«Աստված ձեր ձայնը լսեր, ես էլ ունենայի բիզնես և բաժնեմաս». Գալուստ Սահակյան

Galust-Sahakyan2Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ից՝ Գալուստ սահակյանը, ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Կենացները քաղցրանում են…»,-նշեց նա։

Գալուստ Սահակյանի ելույթից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նրան խնդրեց վերջապես պարզաբանել իր անվան շուրջ բիզնեսի հետ կապված լուրերը, բացի այդ, հանրությանը բացատրություններ տալ, թե արդյոք նա համարո՞ւմ է, որ որևէ պատգամավոր իրավունք ունի խախտել Սահմանադրությունը և համատեղել ձեռնարկատիրական գործունեությունը պատգամավորական մանդատի հետ:

Գալուստ Սահակյանն ասաց, որ կողմնակից է, որպեսզի պատգամավորներն ավելի ակտիվ լինեն և օրուգիշեր զբաղվեն պատգամավորական գործունեությամբ: Ինչ վերաբերում է բիզնեսով զբաղվելուն, ապա նա նման օրինակներ չգիտի. “Կարող են բաժնետերեր լինել, դա օրենքով չի արգելվում: Իսկ ես դեռևս 1992 թվականին եմ արձագանքել այդ հարցին: Աստված ձեր ձայնը լսեր, ես էլ ունենայի բիզնես և բաժնեմաս: Ես որևէ բիզնեսից չեմ օգտվում, որովհետև դրանից բան էլ չեմ հասկանում: Բայց եթե հնարավորություններ ունենայի, ինչ որ տեղ ես էլ բաժնեմաս կունենայի:”:

Զուրաբյանն էլ հարցրեց, թե այդ օրինապաշտ օրինակով ինչո՞ւ չի օգտագործում իր ազդեցությունը նշված փաստերն ուսումնասիրելու համար. “Եթե կան նման խոսակցություններ, հրապարակումներ, պնդումներ, արդյոք չե՞ք գտնում, որ շատ առողջարար էֆեկտ կունենա բոլոր այդ փաստերի ուսումնասիրման նախաձեռնումը”:

Գալուստ Սահակյանը կրկնեց, որ ինքը բիզնեսով չեմ զբաղվում, սակայն նրա առաջարկն ընդունում է և կփորձի իր համեստ միջոցներով պեղել, թե խոսքը որ պատգամավորին և որ բիզնեսին է վերաբերում:

ԱԺ նախագահի մյուս թեկնածու Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով բիզնեսմեն պատգամավորների խնդրին, ասաց, որ դա հարվածում է խորհրդարանի ողնաշարը:

Միաժամանակ, նա ասաց, որ չի մեղադրում այն գործարարներին, որոնք գալիս են խորհրդարան. “Նրանք ստիպված են դա անում, ուրիշ ճար չունեն, գալիս են, որովհետև բիզնես աշխարհը օրենքի դաշտում չի գործում, և եթե մանդատն իրենց չպաշտպանի, կտան իրենց գլխին”:

Ռուբեն Հակոբյանը նաև հայտարարեց, որ պետությունը պետք է այդ գործարարների գործունեությունն ապահովի, որպեսզի խորհրդարանում էլ աշխատեն պրոֆեսիոնալները:

Ավելի ուշ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հանում է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը:

Աժ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 29-ին:

Անկախ

Tags: , , , ,