Ռիչարդ Կոզլարիչ. “Ավելի վատ իրավիճակ Ադրբեջանում չեմ տեսել”

Ռիչարդ ԿոզլարիչԱդրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.) Ռիչարդ Կոզլարիչը “Թուրան” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ներկայիս քաղաքական իրավիճակի, մասնավորապես`լրագրողների և քաղաքական ակտիվիստների հետապնդման նոր փաստերի կապակցությամբ: Այս ֆոնի ներքո տասնյակ ամերիկացի դիվանագետներ, կոնգրեսականներ և պաշտոնատար անձիք պատրաստվում են մասնակցել մայիսի 29-30-ին Վաշինգտոնում կայանալիք “Ապագայի տեսլականը” կոնֆերանսին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, այս միջոցառումը մի շարք մեկնաբաններ համարում են փիառ քայլ, որը հովանավորվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից:

“Ես ադրբեջանաամերիկյան հարաբերություններով զբաղվում եմ 1992թ.-ից և չեմ տեսել ավելի վատ իրավիճակ, քան այն, ինչ այժմ տեղի է ունենում Ադրբեջանում”,-ասել է Կոզլարիչը` հավելելով. “Բաքուն քննադատում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքին, իսկ կոնգրեսականներին մեղադրում է լրտեսության մեջ: Մինչդեռ միևնույն ժամանակ ֆինանսավորում են Վաշինգտոնում կայանալիք ադրբեջանաամերիկյան կոնֆերանսը, որպեսզի պահպանեն ռազմավարական գործընկերությունը”:

Նախկին դեսպանը, անդրադառնալով լրագրող Ռաուֆ Միրքադըրովի ձերբակալությանը, նշել է. “Սա Ալիևի վարչակարգի վերջին քայլն է` ուղղված քաղաքական այլախոհությունը, ԶԼՄ-ների ազատությունն ու հայերի և ադրբեջանցիների միջև դրական շփումներին միտված յուրաքանչյուր փորձը ճնշելուն”:

“Վարչակարգը վախենում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ սեփական քաղաքացիներից: Նրանք նույնիսկ  արգելում են հյուրանոցներին թույլ տալ իշխող ռեժիմը քննադատող հասարակական կազմակերպություկնների կողմից կազմակերպվող միջոցառումներ անցկացնել: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությանը չի հետաքրքրում Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների աճող ճնշման վերաբերյալ արտաքին արձագանքը”,- ընդգծել է Ռիչարդ Կոզլարիչը:

Անկախ

Tags: ,