Թուրքական «Դիջլե» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գազիանթեփում (Այնթափ) քանդում են մի ժամանակ հայերին պատկանած տները՝ փոխարենը հյուրանոցներ կառուցելու նպատակով: Այնթափի ամենահին թաղամասներից մեկը համարվող Բեյ թաղամասը, որը բնակեցված է եղել հայերով, այժմ վերածվել է սրճարաններով ու գինետներով լի մի վայրի: Քիչ թե շատ կանգուն մնացած տներն էլ հերթով քանդում և նման հաստատություններ են կառուցում:
26 տարի այս թաղամասում հայերին պատկանող մի տանը ապրող գրող Իբրահիմ Հալիլ Այջանը նշել է, որ այս ճարտարապետական շինությունների գնորդները առևտրային նպատակներ են հետապնդել: Վերջինիս խոսքերով՝ շատ ցավալի է, երբ հարյուրամյակներ միասին ապրած ժողովուրդների ժառանգություն թողած վայրերը հողին են հավասարեցվել: «Այնթափում առաջին թատրոնը, առաջին թերթը հայերի շնորհիվ է եղել, սոցիալ-մշակութային կյանքի հետ միասին առևտուրն էլ նրանց ձեռքում էր: Մենք պետք է դեմ դուրս գանք նրանց մշակույթի ոչնչացմանը: Ամեն մի սափորին հասցված հարվածը սրտին ուղղված դանակի հարվածի է նման»,-ասել է Այջանը:
