Մենք գնացինք մի տեղ, որ գոյություն չունի. Գեղամ Նազարյան

գեղամ նազարյան«Քաղաքական իրավիճակը բարելավվում է, երբ փոփոխություններ են տեղի ունենում: Երբ փոփոխություններ տեղի չեն ունենում քաղաքական վիճակն  ավելի է լճանում: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չի կատարվում, ընդհակառակը, տեղի է ունենում լճացման խորացում` իր բոլոր հետևանքներով, ինչը Հայաստանը և հայ ժողովուրդը զգալու է  իր մաշկի վրա` թե´ քաղաքական, թե´ տնտեսական ցնցումների ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Նա նշեց, որ ավելի լավ կլիներ,  եթե ընդհանրապես փոփոխություններ չլինեին, քան թե պարզապես տեղաշարժեր. «Եթե Հասմիկ Պողոսյանը մնում է նախարար, եթե Արմեն Աշոտյանը մնում է նախարար , նշանակում է որ Սերժ Սարգսյանը ասում է . «Հայ ժողովուրդ, ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, թե դու ինչ ես մտածում կառավարության գործունեության մասին. Ես անելու եմ այն, ինչ մինչև այժմ արել եմ»»:

Քաղաքագետի կարծիքով տնտեսական և քաղաքական ցնցումները ակնհայտ կդառնան արդեն շատ մոտ ապագայում` 2015-ին: Նա երկրի քաղաքական իրավիճակը համեմատեց Ուկրաիայի նախաճգնաժամային իրավիճակի հետ, երբ Յանուկովիչի պաշտոնանկ արվելուց հետո հայտնի  դարձավ, որ գանձարանը դատարկ է. «Շուտով պարզ կդառնա, որ մեզ մոտ վիճակն  ավելի խայտառակ է»: Ըստ քաղաքագետի`  ստեղծված  իրավիճակի միակ լուծումը ժողովրդի դիմադրությունն է:

Քաղաքագետը չուզեց անդրադառնալ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն, քանի որ, ըստ նրա, այդ կուսակցությունը տեղ չունի քաղաքական դաշտում. «ՕԵԿ-ը ՀՀԿ դուստր ձեռնարկություն է, որը որոշվեց փակել»:

Խոսելով Հայաստանի Մաքսային միություն մտնելու մասին`  Գեղամ Նազարյանն ասաց, «Սերժ Սարգսյանի` սեպտեմբերին կատարած հայտնի հայտարարությունը անակնկալի բերեց բոլորին, այդ թվում` Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին. «Մենք գնացինք մի տեղ, որ գոյություն չունի: Ուկրաինայի ճգնաժամից հետո ամեն ինչ էլ ավելի է փոխվել»:

 

 

Tags: ,