Ազգային ժողովի նախագահի անունը հայտնի կլինի քիչ անց

g_imageԽորհրդարանում ավարտվեց Ազգային ժողովի նախագահի փակ, գաղտնի քվեարկությունը, որի արդյունքները հայտնի կլինեն քիչ անց:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետականից առաջադրվել է Գալուստ Սահակյանը և ինքնաառաջադրվել է Հրանտ Բագրատյանը:

ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» որոշել էին չմասնակցել քվեարկությանը` չնայած որ ՀԱԿ-ից ու «Ժառանգություն»-ից մասնակցողներ եղան` մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանը և Նիկոլ Փաշինյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ խմբակցությունում որոշել են ազատ քվեարկել, նույնն էլ ՕԵԿ-ում:

Թեկնածու Գալուստ Սահակյանը քվեարկությունից հետո լրագորղների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ դրական է գնահատում Հրանտ Բագրատյանի առաջադրումը: «Եթե պայքարով ես հաղթում, կարողանում ես հետագա գործողություններն ավելի հեշտ կազմակերպել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով քվեարկությանը ընդդիմադիր ուժերի չմասնակցելու որոշմանը և հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների չմասնակցելուն` Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա ոչ թե բոյկոտ է, այլ դրանով նրանք, փաստորեն, փորձում են ձախողել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: «Ի՞նչ եք կարծում, Ազգային ժողովը պետք է նախագահ չունենա՞, հանձնաժողովի նախագահ պետք է չունենա և էդպես շարունա՞կ»,-հարցրեց Սահակյանը:

Նա նաև հայտարարեց, որ վերջին տարիներին բավականին նոր մթնոլորտ է ձևավորվել Ազգային ժողովում, և ինքն իր գործունեությունը տեսնում է շարունակության մեջ: «Այսօր Սևանի մասին օրենքի քվեարկությունը, ժամկետների խնդիրը և՛ ընդդիմադիրների առաջարկությունն էր, և մեր, ու կարողացանք համատեղել մեր ուժերը ժամկետների առումով, բայց ոչ թե նրա համար, որ հինգ տարին ծասկածելի է, այլ նրա համար, որ յուրաքանչյուր օրենք և որոշում, որ Ազգային ժողովն ընդունում է, պարտադիր կարգով պիտի նաև հասարակական քննարկման դրվի, որպեսզի հասարակությունն աջակից լինի»:

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենց համար առողջ մրցակցությունը խիստ անհրաժեշտ է, և ինքը խորը հարգանք է տածում ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանի նկատմամբ:

«Անկախ»-ի դիտարկմանը, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնը համարում է սիմվոլիկ պաշտոն` նշելով, որ իրական լծակներ ունի վարչապետը, Շարմազանովն արձագանքեց. «Եթե հարգարժան պարոն Բաղդասարյանը կարծում է, որ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ ինքը լոկ սիմվոլիկ ԱԺ նախագահ է եղել, ես այդ կարծիքին չեմ, գոնե իմ մոտ նման ընկալում չի եղել»:

Ի դեպ, նույն դիտարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արձագանքեց, որ լիովին համամիտ է Արթուր Բաղդասարյանի հայտնած կարծիքի հետ, թե Աժ նախագահի պաշտոնը սիմվոլիկ բնույթ է կրում: Հարցին, թե ժամանակին Արթուր Բաղդասարյանի Աժ նախագահ լինելը նո՞ւյնպես սիմվոլիկ է համարում, Բիշարյանն ասաց. «Այո, ինքը հենց դրա համար էլ օրինակը բերեց, աանի որ աշխատել է և փորձ ունի»,-պատասխանեց ընդդիմադիր Հեղինե Բիշարյանը:

Անկախ

 

 

Tags: , , , ,