Շատերն են սիրում դասական երաժշտություն, պարզապես դեռ չգիտեն դրա մասին. Սերգեյ Սմբատյան

սմբատյան«Կարևոր է, որ մենք կարողանանք հետաքրքրություն ստեղծել երիտասարդների համար: Մեր համերգներն  անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, և դա վկայում է արդեն մեծ հետաքրքրության մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Բացասական կարծիք միշտ էլ կա, և լավ է որ կա, բայց դրան միշտ պետք է հաջորդի առաջարկ, պետք է ուղի մատնանշվի: Ցավոք, Հայաստանում միշտ կա բացասական կարծիք և վերջ»,- ասում է նա:

Դիրիժորը նշեց, որ երիտասարդական նվագախումբը ամեն ինչ անում է դասական երաժշտությունը հասանելի  դարձնելու և ժողովրդականացնելու համար: Դեռ 2013 թվականին նվագախումբը սկսել է «Hollywood Non-Stop» համերգների շարքը, որը միտված էր հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտության միջոցով երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել դասական երաժշտությունը:

«Դասական երաժշտությունն էլ կարող է լինել փոփ երաժշտություն, սակայն դա պետք է ճիշտ մեկնաբանել: Ճիշտ է, «Hollywood Non-Stop»-ը մի փոքր դուրս էր ստանդարտներից, բայց սրանով մենք ցույց տվեցինք նվագախմբի այլ մտածելակերպը»,- նշեց Սմբատյանը` հավելեով, որ շատ երիտասարդներ սիրում են դասական երաժշտություն, պարզապես դրա մասին դեռևս չգիտեն: Նրա կարծիքով` խնդիրը ճիշտ մատուցման մեջ է, և, եթե երաժշտական կոլեկտիվները կարողանան ճիշտ մատուցել, պահանջարկը միշտ էլ կլինի:

«Երկու ամիս առաջ Գյումրիում համերգ ունեցանք, մարդիկ ունեին ցանկություն այցելելու, բայց տոմս չկար այլևս, նրանք մեզ բազմաթիվ նամակներ գրեցին, այդ պատճառով մեկ օրում երկու համերգ ունեցանք»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:

«Non-Stop» ծրագիրն  այս տարի ևս կունենա շարունակություն: Այս անգամ նվագախումբը համերգաշարի շրջանակներում հանդես կգա «Cartoon Non-stop» խորագրի ներքո` նպատակ ունենալով արդեն երեխաներին ծանոթացնել դասական երաժշտությանը:

Երիտասարդական նվագախմբի ղեկավարը խոստանում է, որ մոտակա տարիների ընթացքում մեծ անակնկալներ կլինեն երաժշտասերների համար:

Նվագախմբի առաջիկա համերգը տեղի կունենա մայիսի հինգին: Համերգի ծրագրում կլինեն ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:

 

Tags: ,