Էրդողանը չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ է. pastinfo.am

ԷրդողանErmenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթություն ունենալ-չունենալու հարցը վերջերս դարձել է տարատեսակ քննարկումների նյութ, հաղորդում է Փաստինֆոն: Բանն այն է, որ, ըստ սահմանադրության, հանրապետության նախագահի թեկնածու կարող է առաջադրվել այն քաղաքացին, որն ունի նվազագույնը քառամյա բուհական կրթություն: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել էր, որ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Էրդողանն ունի ընդամենը եռամյա բարձրագուն կրթություն:
Այս խնդրի հետքերով է գնացել թուրքական «Օդա TV» լրատվականից Սոներ Յալչընը: Հետազոտող լրագրողը փորձել է պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալների, տեղեկագրերի հիման վրա պարզել` Թուրքիայի վերջին 11 տարվա գործող վարչապետը, ի վերջո, ինչպիսի բարձրագույն կրթություն ունի:
Եվ այսպես` իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական կայքում նշված է, որ կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել է Մարմարայի համալսարանի առևտրի և տնտեսագիտության ֆակուլտետը: Նույն տեղեկությունն է հաղորդվում նաև Էրդողանի անձնական կայքում:
«Շատ բարի,- գրում է Յալչընը,- միայն թե ոչ նախկինում, ոչ այսօր Մարմարայի համալսարանում նման ֆակուլտետ չի եղել ու չկա»:
Այնուհետև լրագրողը փորձել է պարզել, թե խորհրդարանում Էրդողանի համալսարանական կյանքի վերաբերյալ ինչ տեղեկություններ կան: Այնտեղ էլ նշված է եղել, որ նա ավարտել է Մարմարայի համալսարանի կառավարման (մենեջմենթ) և տնտեսագիտության ֆակուլտետը: Փաստորեն այստեղ էլ այլ ֆակուլտետ է նշված, առևտուրը փոխարինվել է մենեջմենթով:
Աղաղակող այս անճշտությունները այսքանով դեռ չեն ավարտվում: Էրդողանի կենսագրականում նշված է, որ նա վերոնշյալ համալսարանն ավարտել է 1981 թվականին, մինչդեռ այդ տարեթվին «Մարմարայի համալսարան» անունով բարձրագույն կրթության հաստատություն չի եղել: Ըստ հոդվածագրի` Մարմարայի համալսարանը հիմնադրվել և սկսել է գործել միայն 1982-83թթ. կառավարության ընդունած համապատասխան որոշումներով:
«Չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ Էրդողան»,- գրում է Սոներ Յալչընը ու խոստովանում, որ այդպես էլ չի կարողանում գլուխ հանել, թե ինչու է Էրդողանի բուհական կյանքն այդքան գաղտնիքներով խճճված: