«Սա առաջին քայլն է». Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կուտակայինի պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասին օրինագիծը

Արտեմ ԱսատրյանԽորհրդարանում մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվում է օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ նախագիծը ներկայացվել է նորանշանակ վարչապետի կողմից՝ վերջին օրերին իրականացված տարբեր ձևաչափերի քննարկումների արդյունքում, և որ սա առաջին քայլն է առկա խնդրիներին ամբողջական լուծում տալու ճանապարհին:

Նա ներկայացրեց նաև Հովիկ Աբրահամյանի մոտեցումը, ըստ որի կենսաթոշակային բարեփոխումները կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, բացի այդ, որ անհրաժեշտ է Աժ քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը և ի վերջո, որ ՍԴ որոշումից հետո առաջ եկած խնդիրները պետք է լուծում ստանան, և դրանք լուծելու համար պետք է ներկայացվի ամբողջական օրենսդրական փաթեթ՝ համահունչ ՍԴ և հասարակության լայն շերտերի պահանջներին:

“Վարչապետը դիմել է նաև բոլոր խմբակցություններին, որ ձևավորվելիք աշխատանքային խմբում ներառվեն նաև նրանց ներկայացուցիչները”,-ասաց Արտեմ Ասատրյանը:

Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ նա ասաց, որ գործող համակարգը, եթե չդիտարկենք պարտադիր բաղադրիչը, ևս պարտադիր է, քանի որ հիմա էլ քաղաքացիները վճարում են եկամտային հարկ, սակայն դրանք գնում են պետական բյուջե, իսկ անձը հետագայում տարբերակված թոշակ ստանալու հնարավորություն չունի, քանի որ բոլորի համար համակարգը նույնն է:

“Նոր համակարգի նոր բաղադրիչների ներդրումը նշանակում է լրացուցիչ խնայողություններ հետագա բարձր թոշակների համար: Համակարգային փոփոխություններն անհրաժեշտ են, և այս խնդիրը չի քննարկվում որևէ կողմից: Այլ հարց է, որ կան խնդիրներ, որոք պետք է համապատասխան լուծումներ ունենան, և համակարգն առավել ընդունելի լինի հանրության համար: Կենսաթոշակային համակարգն, ի վերջո, նպատակ է հետապնդում ապահովել մեր բոլորիս բարեկեցիկ ծերությունը”,-նշեց նախարարը:

Նա հավելեց, որ պատրաստակամ են խնդիրը բոլոր կողմերի հետ քննարկելու հարցում, և այս նախաձեռնությունը առաջին քայլն է քննարկումների հետագա դաշտը ձևավորելու համար:

Պատգամավոր Խաչատոր Քոքոբելյանը նախարարին հարց ուղղեց, թե նրանք, ովքեր արդեն այդ գումարները փոխանցել են հետագայում գումարների վերադարձ տեղի ունենալու է, թե ոչ, եթե սեպտեմբերի 30-ից հետո էլ պարտադիր բաղադրիչը կասեցվի:

Արտեմ Ասատրյանը նախ նշեց, որ 127 000 քաղաքացիների համար բացվել են կենսաթոշակային հաշիվներ և կատարվել են վճարումներ՝ փոխադարձ համաձայնության պայմաններում, և որ պետք է նկատի ունենալ, որ այդ գումարներն այդ մարդկանց սեփականությունն են և լրացուցիչ եկամուտներ են բերում այդ անձանց:

Ինչ վերաբերում է գումարների հետվերադարձի խնդրին, ապա նախարարն ասաց, որ այս քննարկումների ընթացքում իրենք կգտնենք նաև այդ հարցի պատասխանը:

Հարցի քննարկումը կշարունակվի վաղը:

 

Անկախ

Tags: , , ,