Բացառում ենք որևէ քաղաքական համագործակցություն Սերժ Սարգսյանի կամ կառավարության հետ. Արամ Մանուկյան

Արամ ՄանուկյանՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասօր ԱԺ հայտարարությունների ժամին տեղեկացրեց, որ իր խմբակցությունը նամակ է ստացել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, որով վերջինս ՀԱԿ-ին հրավիրում է` մինալու կուտակայինի հարցերը քննող հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պետք է փորձեն փոխհամաձայնության գալ: Արամ Մանուկյանը ոչ միայն հրապարակեց այս ինֆորմացիան ու մերժեց հրավերը, այլև հրապարակավ ուղղեց վարչապետի լեզվական սխալները. «Պարոն Աբրահամյան, «փոխհամաձայնություն» բառ գոյություն չունի, «փոխ» մասնիկն ավելորդ է, քանի որ համաձայնություն բառն արդեն իսկ փոխադարձության իմաստ է արտահայտում: Դեմ ենք Ձեր այս առաջարկին: Կուտակայինի հետ կապված որևէ բան մեր դիրքորոշման մեջ չի փոխվել, որևէ հանձնաժողովի միանալու խնդիր չունենք, մաս չենք կազմելու որևէ կառավարության, չենք մտնելու որևէ ծրագրի մեջ: Այս իշխանությունում են կոռումպացված, վարկաբեկված մարդիկ, և որևէ կառավարություն չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի գծած նշագծից: Իսկ նա այս պահին երկու նշագիծ դրել է` կուտակայինի պարտադիր դառնալը և Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը  չկպչելը: Հիշեցնեմ, որ մինչ վարչապետի հրաժարականը մենք միայն կառավարության փոփոխություն չէինք պահանջում, այլ պահանջում էինք պատժել  Տիգրան Սարգսյանին օֆշորի, գազի, Որոտանի և այլնի համար: Այս պարագայում մենք բացառում ենք որևէ քաղաքական համագործակցություն Սերժ Սարգսյանի կամ կառավարության հետ»:

Անկախ

Tags: ,