ԿԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող մանկավարժները մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր հանձնեցին Արմեն Աշոտյանին

դեմ եմԱյսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա անցկացրեցին մանկավարժներն ու «ԴԵՄ եմ» շարժման ակտիվիստները:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու իջավ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ղազարյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, չցանկացան երկխոսել Սամվել Ղազարյանի հետ` պահանջելով Կրթության նախարար Արմեն Աշոտյանին:

«ԴԵՄ եմ» շարժման անդամները պահանջեցին ՀՀ ԿԳ նախարարից ենթարկվել Հայաստանի բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Նրանք մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր ներկայացրին ԿԳ նախարարին:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն` Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Այդ որոշման պահանջն է մինչ սեպտեմբերի 30-ը մշակել նոր օրենսդրական փաթեթ, որը չի հակասի Սահմանադրությանը:

ՀՀ նոր կառավարությունը ապրիլի 23-ի նիստի ժամանակ հաստատեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը: Նախագծով  առաջարկվում է գործատուին  ազատել վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլի կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից:

Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին օրենքի նախագծի ներառմանը առաջիկա քառօրյայի օրակարգ:

Անկախ

Tags: ,