Ընդդիմադիր «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նոր կարգավիճակով հանդես եկավ խիստ քննադատական հայտարարությամբ՝ անդրադառնալով փոքր և միջին խանութների խնդրին, որոնք փակվում են սուպերմարկետների պատճառով:
«Այսօր փոքր և միջին խանութներն աջակցման կարիք ունեն: Սուպերմարկետները խոչընդոտում են նրանց: Որոշ անհատների ձեռքում է ազատ շուկայական տնտեսությունը: Մեզ համար օրակարգային է սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարելը: Մատների վրա հաշված «ավետ-աղաները», ի տարբերություն շարքային քաղաքացիների, պետք է ավելի շատ հարկեր վճարեն, իսկ որոշ անկուշտների համար ժամանակն է ընդունել կշտանալու մասին օրենք»,-հայտարարեց նա:
Նա նաև նշեց, որ անկախ ՕԵԿ-ի հասցեին ուղղված քննադատություններին և տարբեր խոսակցություններին, իրենց համար առավել կարևոր է ժողովրդի գնահատականը, և որ ժողովուրդն է ամենաիմաստունը, իսկ ժամանակը՝ արդար դատավոր. «Երկիրը փոքր է, և բոլորը բոլորին լավ ճանաչում են: Ինչքան էլ ոմանք փորձեն հանդես գալ որպես աղավնի՝ ձիթենին բերանում, միևնույն է` բորենին երբեք աղավնի չի դառնում»:
«21-րդ դարում ճյուղը պտուղ է դառնում, պարոն Մարգարյան»,-արձագանքեց Շարմազանովը:
Tags: Ազգային ժողով, Հովհաննես Մարգարյան, ՕԵԿ
