Չինարեցի տղայի կոչը երևանցիներին` հպարտ եղեք, Չինարին տեղում է …

10302119_735324489823476_625069454867266990_nՉինարիի դպրոցի ավարտական դասարանի 12 աշակերտները, որոնք ընդամենը մեկ ամիս անց հրաժեշտ կտան դպրոցին, շաբաթվա հանգստյան օրերն անցկացրել են Երևանում:

Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ սահմանամերձ ու սահմանապահ գյուղի երեխաներն  այցելել են նախ Գաֆեսճյան թանգարան, ապա Մատենադարան, Էջմիածին,  ԵՊՀ, Ծիծեռնակաբերդ, Գառնի, Գեղարդ: Երևանյան տեսարժան վայրերով չինարեցի երեխաների շրջագայությունը կազմակերպվել  է մայրաքաղաքում բնակվող չինարեցի գործարար Վանիկ Ղարախանյանի աջակցությամբ:  <<Գյուղի զարգացման նյութական ծրագրերից բացի, ես նկատի ունեմ ասֆալտապատումը, գազիֆիկացումը, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև երեխաներին: Պետք է մեր երեխաները մշակութային կյանքից ետ չմնան, հայ մնան, ամուր կառչեն իրենց հողին>>,-նշել է  Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Չինարիի մանկապարտեզում այսօր կա 27 երեխա, իսկ դպրոցում` 115 աշակերտ:

10155603_735324673156791_6608758729162628891_n<<Ամենաշատն ինձ դուր եկավ Մշո ճառընտիրը, մետաղապատ գրքերը: Իմ երազանքն էր տեսնել այն, ինչը պատմության գրքերում եմ սովորել>>,-Մատենադարանում շրջայցից հետո ասել է Չինարիի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Վանյանը:

Իսկ նրա դասընկեր Դավիթ Միրզոյանը նշել է, որ ապագա մասնագիտության ընտրության հարցում դեռևս չի կողմնորոշվել: <<Կգնամ-բանակ կգամ, նոր կմտածեմ: Միայն թե կուզեմ երևանցիներին փոխանցեմ, որ այստեղ` մեր քաղաքամայր Երևանում, հպարտ եղեք, Չինարին կա, տեղում է, մեր սահմանն ամուր ու անառիկ էէ: Հենց կրակում են, մենք գյուղի երիտասարդներով դուրս ենք գալիս գյուղամեջ` տեսնենք` հնարավոր է ` գյուղացիներից մեկը օգնության կարիք ունի>>:

Դավիթը նաև նշել  է, որ վերջին անգամ կրակոցներ են հնչել մոտ մեկ շաբաթ առաջ: <<Դե միշտ էլ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, բայց մերոնք հենց մի հատ պատասխանում են, լռում են: Վախկոտ է հակառակորդը>>,-ասել է Դավիթը:

Ի դեպ, չինարեցի աղջիկներն ու պատանիները չեն մոռանա Գաֆեսճյան թանգարանում իրենց համադասարանցի Դավիթ Միրզոյանի հետ տեղի ունեցածը, որը զվարճացրել է նրանց: Մուտքի մոտ Դավիթը, տեսնելով հավաքարար կնոջը, անակնկալի է եկել, շփոթվել ու բարևել: Սակայն կնոջ մոմե կերպարը <<տղայի տված բարևին չի պատասխանել>>:

 

Անկախ

Tags: , ,