ԱԺ 5 խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց

Ազգային-ժողովՊատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Հովհաննես Սոֆոյանի եւ Արմեն Մխիթարյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկության դնելուց առաջ ԱԺ 5 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, բոյկոտեցին այն՝ հայտարարելով, որ չեն մասնակցելու նախագծի քվեարկությանը:

Հիշեցնենք, որ այս նախագծով ենթադրվում է ակցիզային հարկից ազատել թեթեւ մարդատար մեքենաները: 2011 թվականին այս նույն օրենքում կատարված համապատասխան փոփոխությամբ՝ «շքեղության» հարկով, սկսեցին հարկել նաև որոշակի տվյալների համապատասխանող թեթեւ մարդատար մեքենաները՝ թանկարժեք, բարձրակարգ և շքեղ:

Այժմ նախատեսվում է հանել այդ դրույթը, ինչին էլ դեմ են Աժ 5 խմբակցությունները:

Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, դիմելով օրինագծի քվեարկությունը բոյկոտող խմբակցություններին, ասաց, որ այս օրինագծի հիմնական նպատակը շքեղության հարկը տեղական բյուջե մուտքագրվող գույքահարկի վրա տեղափոխելն է, ոչ թե ընդհանրապես ազատելը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հակադարձելով Խոսրով Հարությունյանին, ասաց, որ այս նախագիծը չի ներառում այն մոտեցումը, ինչ որ նա ասաց. «Թող թյուրիմացություն չառաջանա, այս նախագիծը վերաբերում է  ընդամենը շքեղության հարկ կոչվածի գաղափարախոսությունը վերացնելուն»,-ասաց ՀՅԴ պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հետո վիճահարույց օրինագիծն ընդունվեց միայն հանրապետական պատգամավորների քվեարկությամբ՝ 67 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ նիստին մասնակցում էր 117 պատգամավոր:

 

Անկախ