Նիկոլ Փաշինյանը սոցապ նախարարին հստակ հարցեր ուղղեց, բայց հստակ պատասխաններ չստացավ

Նիկոլ ՓաշինյանԽորհրդարանում շարունակվում է քննարկվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցնել օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց.

«Հիմա, օրինակ, սոցապ. նախարարության աշխատակիցները, այդ պարտադիր մասնահանումներն ու վճարումներն իրականացնելու՞ են, թե ոչ: Աշխատողը  կարո՞ղ է իր գործատուին արգելել իր փոխարեն էդ պարտադիր բաղադիրչը վճարել կամ եթե էլեկտրոնային համակարգը առանց էդ բաղադրիչի չի ընդունում հաշվետվությունները, և դա առաջացնում է իրավական հետևանքներ, այդ դեպքում հաշվետվության այդ կետը լրացնելը պարտադի՞ր է, թե ոչ»:

Նախարարը պատասխանեց, որ այս օրենքի նախագծով կառավարությունը առաջարկում է, որպես առաջին քայլ, վերականգնել այն իրավիճակը, որ կար ՍԴ որոշման ժամանակահատվածում, և իրավական հետևանքներ չառաջացնելու դրույթը ամրագրվում է 2-րդ հոդվածով:

Միաժամանակ նա նշեց, որ այս ժամանակահատվածը պետք է ծառայեցնել խնդրի ամբողջական լուծումն  ապահովող օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման վրա, որով բոլոր խնդիրները  կունենան իրենց հստակ լուծումները:

Ինչ վերաբերում է հաշվետվությանը, ապա նախարարը նշեց, որ այն ինքնաշխատ եղանակով է  ձևավորվում, և գործատուն ոչ թե լրացնում է  առանձին-առանձին այդ դաշտերը, այլ  լրացնում է մեկ դաշտ՝ աշխատավարձի չափի դաշտը:

Նախարարի խոսքով՝ այդ հաշվետվությունը լրացնելով և այդ տեղեկատվությունը ներառելով տեղեկատվական շտեմարան՝ դա ոչ միայն չի խանգարի, այլև կաջակցի գործընթացին, քանի որ ՍԴ որոշմամբ նաև ամրագվել է վերահաշվարկ իրականացնելու հետ կապված խնդիրը:

«Կուտակային վճարի դաշտի լրացված չլինելը որևէ իրավական  հետևանք չի առաջացնում, դա տեղեկատվւթյուն է, որն արտացոլվում և ամրագրվում է տեղեկատվական շտեմարանում՝ կիրառելի լինելով համապատասխան վերահաշվարկի դեպքում»,-նշեց նախարարը:

Փաշինյանը, այնուամենայնիվ, փորձեց հստակ պարզաբանում ստանալ. «Այսինքն, աշխատողը հաշվապահությունից կարո՞ղ է պահանջել, որ իրեն վճարվի ոչ թե հաշվետվության մեջ եղած թիվը, այլ դրան գումարած հինգ տոկոսը»:

Նախարարը խատասխանեց. «Դա գործատուի և աշխատողի որոշելիքն է: Այս պահին օրենքը և մինչև այս օրենքի ընդունումը ՍԴ որոշումն ասում է, որ իրավական հետևանքներ չի առաջացնի: Բայց մենք էս պահին չունենք ամբողջական լուծումը, այն հարցերի պատասխանները, որոնք որ համատեղ պիտի տանք, բայց ոչ էս օրենքի նախագծով»:

 

Անկախ

Tags: , , , ,