Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա

Գարիկ ՀայրապետյանՀայաստանում անպտղության մակարդակը 2,7 տոկոսով աճել է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԱԿ բնակչության հիմնադրամի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ամփոփելով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի հետազոտությունը: Ըստ այդ հետազոտության արդյունքների` Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա, որից առաջնայինը ( ի ծնե եղած խնդիրները) կազմում է 5 տոկոս, երկրորդայինը (ձեռքբերովի խնդիրները) ` 12: Հայաստանում երկրորդային անպտղության պատճառներ կարող են լինել սեռավարակները և հղիության արհեստական ընդհատումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն 3-րդ անպտուղ կինը իր կյանքում կատարել է աբորտ:
Անպտղության ամենաբարձր  ցուցանիշները գրանցվել են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում և Արմավիրում:

Հայրապետյանը ընդգծեց, որ անպտղությամբ տառապողների 60 տոկոսը կանայք են, իսկ  40 տոկոսը` տղամարդիկ, ինչը ցույց է տալիս, որ այն կարծիքը, թե անպտղության համար պատասխանատու է միայն կինը, սխալ է. «Կանանց 14,6 տոկոսը, ում մոտ  եղել է այդ խնդիրը, չգիտեն` ունեցել են սեռավարակ, թե ոչ, այսինքն` տեղեկացվածության պակաս կա նաև: Կարող է խնդիրը գալ տղամարդուց, որովհետև սեռավարակների տարածողը հիմնականում տղամարդիկ են: Պետք է նշեմ, որ կանանց մոտ առաջնային անպտղությունը երկու անգամ  ցածր է, քան տղամարդկանց մոտ, իսկ երկրորդային անպտղությունը ավելի բարձր է. դա, թերևս, խոսում է այն մասին, որ Հայաստանում կանայք անուշադիր են իրենց առողջության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը: Նա խորհուրդ է տալիս առնվազն երկու տարին մեկ անգամ ընդհանուր հետազոտություն կատարել:

Գարիկ Հայրապետյանը նաև հայտնեց, որ ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը համատեղ ծրագրեր են մշակում անպտղության հետագա աճը երկրում կասեցնելու համար. դպրոցներում համապատասխան կրթական ծրագրեր կներկմուծվեն, ինչպես նաև` անապահով ընտանիքների համար ավելի հասանելի կդարձվեն հակաբեղմնավորիչները:

Անկախ

Tags: ,