Բաշար ալ-Ասադը կվերընտրվի Սիրիայի նախագահի պաշտոնում. արաբագետ

Սարգիս ԳրիգորյանըՍիրիայում հունիսին նախատեսված նախագահական ընտրությունները տարբերվում են նախկինում տեղի ունեցած ընտրություններից, նախ` կա յոթ թեկնածու, ինչը հատուկ չէ Սիրիայի ավտորիտար համակարգին, և, բացի այդ, թեկնածուներից մեկը կին է, ինչը նախադեպ չունեցող իրադարձություն է Մերձավոր Արևելքի այդ երկրի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կարծում եմ` Բաշար ալ-Ասադը կվերընտրվի: Այս ընտրությունները լավ հնարավորություն են գործող նախագահի համար լեգիտիմություն հաղորդելու իր իշխանությանը »,- նշեց արաբագետը` հավելելով, սակայն, որ այնումենայնիվ Սիրիայի շատ տարածքներում, որտեղ այժմ գերիշխում են զինյալները, բնակչությունը հնարավորություն չի ունենա քվեարկելու: Սիրիայի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանում և Վրաստանում, իրավունք ունեն քվեարկելու . այս մասին հայտնել են այս երկրներում Սիրիայի դեսպանատները:

ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչները արդեն  հայտարարություն են տարածել Սիրիայի ընտրությունների վերաբերյալ, նշելով, որ դրանք «անհեթեթ են և անընդունելի»:

 

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ թեև նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել հունիսի երեքին, սակայն միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ երկրում ոչ թե պարզապես քաղաքացիական բախումներ են, այլ իրական պատերազմ` կառավարության կողմնակիցների և զինյալների միջև: «Շատ հավանական է, որ կլինեն ահաբեկչությունները և ռմբակոծություններ»,-ասաց արաբագետը:

Նշենք, որ նախագահական նախորդ ընտրություններին Բաշար ալ-Ասադը միակ թեկնածուն էր և հաղթել է ձայների 97,5 տոկոս ցուցանիշով:

 Անկախ

Tags: ,