Կառավարության ծրագիրը քաղաքական ուժերի վերջին քննությունն է լինելու. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան«Չեմ համարում, որ Սահմանադրական իշխանափոխություն նշանակում է Սարգսյանին փոխել Աբրահամյանով, Աբրահամյանին՝ Սահակյանով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովահննիսյանը:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԱԺ նախագահի երեկվա ընտրությունը հստակ ահազանգ էր քաղաքական ուժերին ու եթե նման իրավիճակ կրկնվի կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, սա արդեն քաղաքական նոր իրավիճակ կառաջացնի:

Անդրադառնալով «քառյակի» գործունեությանն ու ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ նրանց ոչ միասնական դիրքորոշմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Ես երբեք «քառյակ» եզրույթը չեմ օգտագործել, այլ նշել եմ, որ կան խորհրդարանական չորս ուժեր, որոնք համագործակցում են:  Ես ողջունել եմ այդ աննախադեպ համագործակցությունը, սակայն քաղաքական ուժերի միջև միասնական օրակարգն այժմ  բացակայում է, և եթե կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո միասնական դիրքորոշում ևս չլինի, ես իմ ամբողջական գնահատականը կտամ»:

«Այդ ուժերը խոստացել են հասարակությանը միասնական հրապարակ: Հույս ունեմ, որ մայիսի կեսերին, երբ խորհրդարան ներկայացվի նոր կառավարության ծրագիրը, նրանք կարտահայտեն միասնական դիրքորոշում և կառավարության ծրագրի տապալումը կլինի այս 4 ուժերի համագործակցության վերջին հանգրվանը»,-ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Համարում եմ, որ թե՛ գործող վարչապետը, թե՛ կառավարությունը, թե՛ նախագահը դե ֆակտո են: Վարչապետը, մյուս պաշտոնյաները շահերի բախման տիրույթում են, և ոչ մի ակնկալիք չունեմ նոր վարչապետից՝ բացի ինչ-որ կոսմետիկ փոփոխություններից»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անկախ

Tags: ,