Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. «Հիմա, օրինակ, այս օրենքի ընդունումից հետո սոցապ նախարարության աշխատակիցները պարտադիր վճարումները իրականացնելո՞ւ են, թե՞ ոչ: Շատ դեպքերում մարդկանց ընտրության առաջ են դնում՝ կամ պահում ենք, կամ հեռանում եք աշխատանքից: Աշխատողը կարո՞ղ է իր գործատուին արգելել իր փոխարեն պարտադիր բաղադրիչը վճարել»: Արտեմ Ասատրյանը պատասխանեց. “Այս օրենքի նախագծով առաջարկվում է վերականգնել այն իրավիճակը, ինչ կար ՍԴ որոշումը կայացնելու ժամանակ: Ամրագրում ենք նաև, որ մինչ այս ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարները փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է պարտադիր վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար սահմանված պատասխանատվությունից: Իրավական հետևանքներ չկան, գործում է աշխատողի ու գործատուի հայեցողությունը: Դա գործատուի ու աշխատողների որոշելիքն է, թե աշխատողն ինչպիսի հարցադրում կանի, ինչպես գործատուն կիրականցնի գործառույթները, այս պահին օրենքը իրավական հետևանքներ չի առաջացնի», – ասաց Արտեմ Ասատրյանը:
Քիչ անց` մտքերի փոխանակման ժամին Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ ձևակերպեց իր կարծիքը. «Համոզվում ենք, որ մամուլում հնչած այն տեսակետը, թե նորաշանակ վարչապետը, օգտագործելով իր հանրահռչակ ճարպկությունը, փորձում է մոլորեցնել հանրությանը, ճիշտ է: Այս քննարկման արդյուքնում պարզվեց, որ դուք բողոքում եք սահմանադրական դատարանինց, ասում եք, թե Թոխյանը մի բան է ասում, Հարությունյանը` մի այլ բան, բայց ախր դուք էլ եք նույն վիճակում, դուք մի բան եք ասում, ձեր նշանակած վարչապետը մի ուրիշ բան է ասում, մի հատ կողմնորոշվեք: Խաչաձև հարցաքննությունների արդյուքնում հազիվ այստեղ կարողացանք հասկանալ, թե դուք ինչ եք ասում: Ասում եք, որ գործատուն փոխանցի, չփոխանցի, հաշվարկի, չհաշվարկի, դուք նրան բան չեք ասի: Բայց հարց է ծագում, ինչ է լինում, երբ աշխատողն ասում է գործատուին, որ իր աշխատավարձից չփոխանցի, իսկ գործատուն ասում է` փոխանցելու եմ: Դուք կասեք, որ աշխատողը կարող է դիմել դատարան: Այո, կդիմի դատարան: Բայց ՍԴ հակասահմանադրական օրենքը շարունակում է աշխատել օրենքով` ըստ նույն ՍԴ որոշման: Կառավարությունը փորձ է անում կառավարություն-ժողովուրդ բանավեճը տեղափոխել աշխատող-գործատու ոլորտ: Սա այլ կերպ, քան քաղաքական խայծ դժվար է որակել: Եվ խայծն ընկած քաղաքացին, որը դատարանից հետո կգնա կառավարության շենքի առաջ բողոքելու, կհանդիպի վարչապետին: Հովիկ Աբրահամյանը այդպես է գոյատևում: Ով գնում տապալվում է, սկսում է, խեղդվում է, Հովիկ Աբրահամյանը միշտ կա: Երբ գնաք բողոքելու, ինքը կասի` հարգելի քաղաքացի, ամեն ինչ արել ենք, չենք պատժում, եթե չփոխանցեն, թող չփոխանցեն: Ես ինչ անեմ»:
Tags: Արտեմ Ասատրյան, Կուտակային, նիկոլ փաշինյան