Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունը նոր անդամներով ներկայացավ Ազգային ժողով՝ պատասխանելու պատգամավորների հարցերին:
Նորանշանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր և Աժ պատգամավորների անունից շտապեց շնորհավորել Հովիկ Աբրահամյանին՝ ասելով, որ նրանից մեծ ակնկալիքներ ունեն:
Այնուհետև կառավարությանը հարց տալու համար ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը, մինչ հարցին անցնելը, ասաց, որ չնայած Գալուստ Սահակյանը բոլորի անունից շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին, սակայն ինքը նրան չի շնորհավորում հայտնի պատճառներով:
Իսկ Փաշինյանի հարցը վերաբերում էր երթևեկության համար սահմանված տույժ-տուգանքներին: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է նվազեցնել երթևեկության կանոնների համար նախատեսվող նվազ վտանգավոր տուգանքների չափը, սակայն տեղեկություններ ունի, որ կառավարությունը պատրաստվում է նախագծին բացասական եզրակացություն տալ:
Փաշինյանը նաև հիշեցրեց օրեր առաջ նույն հարցի վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցան լսումներ, որի ժամանակ կառավարության ներկայացուցիչներն էլ ընդունեցին, որ տուգանքները համաչափ չեն, և որ քաղաքացիները հսկայական բեռի տակ են:
«Եթե դուք մեր ներկայացրած պատրաստի նախագծին բացասական եզրակացություն եք ներկայացնելու, ապա հանրությանը հստակ ասեք, թե ե՞րբ եք պատրաստվում նվազեցնել այդ անհամաչափ տուգանքները: Կարո՞ղ եք ասել կոնկրետ ժամկետներ»,-հարցրեց պատգամավորը:
Հրայր Թովմասյանն ընդունեց, որ իսկապես խորհրդարանական լսումերի ընթացքում իրենք բարձրաձայնել են այդ խնդիրները: Միաժամանակ նախարարը նշեց, որ միայն մեխանիկորեն տուգանքներն իջեցնելը չի բերի խնդրի լուծմանը: «Բավականին զգույշ պետք է լինել տուգանքները իջեցնել-բարձրացնելու հետ կապված: Հիմքում պետք է դրվեն նաև հստակ վիճակագրական տվյալներ»,-ասաց նախարարը՝ նշելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ավարտելու համար երեք ամիս ժամկետ է դրված:
Հովիկ Աբրահամյանին չշնորհավորելու Նիկոլ Փաշինյանի վարքագծին ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը մի անեկդոտ հիշեց. «Գերեզմանաքարի տապանաքարի վրա գրված է՝ ի հիշատակ բոլորից, բացի Վալոդից: Պարոն Փաշինյան, կարող էիք ընդհանրապես չասել, որ չեք շնորհավորում, մենք կհասկանայինք»:
Փաշինյանը «տակ չմնաց». «Քանի որ ձեր կառավարության ամբողջական կազմը դեռ լրացված չի, ես հույս ունեմ, որ ձեր կառավարությունում դեռ Վալոդ անունով նախարարներ կնշանակվեն: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ ձեր փոխարեն հենց Վալոդն է նշանակվելու արդարադատության նախարար»:
Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Վլադիմիր անունով շատ հանճարեղ իրավաբան ենք ունեցել, որը հիմա չկա: Իսկ էդ լուրերը գիտեք, թե ինչպես են շրջանառվում, Դուք լրատվական դաշտից եք եկել»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին Փաշինյանին նկատողություն արեց. «Պարոն Փաշինյան, մեր հայկական սովորույթներով «հույրերին» ջերմ են ընդունում»:
«Հաջորդ անգամներն ավելի ջերմ կընդունեմ,-խոստացավ Փաշինյանը,-ուղղակի առաջին անգամ կարող ա ավելի մեծ ջերմությանը չդիմանային, դրա համար էս անգամ ավելի թույլ ջերմությամբ ընդունեցի»:
«Որակյալ պատասխան է»,-գնահատեց Գալուստ Սահակյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի կանխատեսումը Վալոդի առումով սխալ էր. Հրայր Թովմասյանին փոխարինելու եկավ Հովհաննես Մանուկյանը:
Tags: Ազգային ժողով, Հրայր Թովմասյան, նիկոլ փաշինյան