Այսօր հայտնի դարձան կառավարության 3 նոր անդամների անունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էներգետիկայի նախարար նշանակվեց ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը` փոխարինելով Արմեն Մովսիսյանին:
Բնապահպանության նախարարի պաշտոնում Արամ Հարությունյանին փոխարինեց Արամայիս Գրիգորյանը:
Հրայր Թովմասյանի փոխարեն արդարադատության նախարար դարձավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Հատկանշական է, որ Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով Հովիկ Աբրահամյանին չշնորհավորելու Նիկոլ Փաշինյանի վարքագծին, մի անեկդոտ էր հիշել. «Գերեզմանաքարի տապանաքարի վրա գրված է՝ ի հիշատակ բոլորից, բացի Վալոդից: Պարոն Փաշինյան, կարող էիք ընդհանրապես չասել, որ չեք շնորհավորում, մենք կհասկանայինք»:
Փաշինյան էլ «տակ չէր մնացել». «Քանի որ ձեր կառավարության ամբողջական կազմը դեռ լրացված չի, ես հույս ունեմ, որ ձեր կառավարությունում դեռ Վալոդ անունով նախարարներ կնշանակվեն: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ ձեր փոխարեն հենց Վալոդն է նշանակվելու արդարադատության նախարար»:
Հրայր Թովմասյանն արձագանքել էր. «Վլադիմիր անունով շատ հանճարեղ իրավաբան ենք ունեցել, որը հիմա չկա: Իսկ էդ լուրերը գիտեք, թե ինչպես են շրջանառվում, Դուք լրատվական դաշտից եք եկել»:
Փաստորեն, Փաշինյանի կանխատեսումը Հրայր Թովմասյանին փոխարինելու վերաբերյալ ճիշտ էր, սակայն Վալոդի առումով` սխալ:
Ինչևէ, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, որը վերջին շրջանում հատկապես «փայլում էր» պատգամավորների հետ իր սուր վեճերով և դրանց շուրջ առաջացած աղմուկով, Ազգային ժողովում կհիշվի Վալոդի մասին պատմած իր վերջին անեկդոտով:
Tags: Արամայիս Գրիգորյան, Երվանդ Զախարյան, ՀՀ կառավարություն, Հովհաննես Մանուկյան