Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի քաղաքներում

219.Genocide commemoration events in the cities of Italy 30.04.2014Պեզարո

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Իտալիայի Պեզարո քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող «Գրադարիի» պալատում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այն կազմակերպվել էր տեղի փոքրաթիվ հայ համայնքի ջանքերով: Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները, և Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Անահիտ Թովմասյանը:

Միքելե Վեգները խոսեց հոր` Արմին Վեգների կյանքի ու գործունեության` որպես Հայոց ցեղասպանության ականատեսի վկայությունների, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը նրա նվիրվածության մասին և անընդունելի համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:

Անահիտ Թովմասյանը Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի անունից ողջունեց ցուցահանդեսի բացումը և այն կարևորեց որպես հարգանքի տուրք 99 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ահավոր ոճրագործության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր ելույթում նա, մասնավորապես, նկատեց, որ Թուրքիան, բազում զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին, իր ժխտողական քաղաքականությամբ այժմ էլ փորձում է հայերին զրկել հիշողության իրավունքից: Նա ընդգծեց, որ այդ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը  շարունակում է ապրել և իր անկախ պետականությամբ ու սփյուռքով հաստատակամորեն հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

 

Միլան

Իտալիայի Միլան քաղաքի Սուրբ Ամբրոջիո եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր հայր Թովմա Խաչատրյանի կողմից, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, մատուցվեց պատարագ: Պատարագի սկզբին ելույթ ունեցավ Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը: Ներկա էին նահանգային և քաղաքային իշխանությունների, տարբեր եկեղեցական համայնքների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված պատվո հյուպատոսներ, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը:

Ապրիլի 28-ին Միլանի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էր Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, խորհրդի անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Բարի

Իտալիայի Բարի քաղաքում տեղակայված հայկական խաչքարի մոտ, տեղի բնակիչ Ռուբեն Թիմուրյանի նախաձեռնությամբ, Մխիթարյան միաբանության հայր Գրիգորիս Սիրանյանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն կատարվեց: Ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Բարիի և Կազամասսիմա քաղաքների բնակիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Այնուհետև քաղաքապետարանի դահլիճում ընթերցվեց Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, որից հետո ցուցադրվեց Արտույտների ագարակը ֆիլմը:

Անկախ

Tags: ,