Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովը իր ձերբակալության մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Ըստ լրագրողի` իրեն ձերբակալել են Ռուսաստանի քաղաքականության մասին իր քննադատական հոդվածների համար: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը Միրկադըրովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
Միրկադըրովը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները և բողոքում, որ իրեն չեն տալիս իր պահանջած թերթերից որևէ մեկը՝ դրա փոխարեն տրամադրելով պաշտոնական մամուլ:
Փաստաբանը նաև ասել է, որ ներքին գործերի նախարարությունը լրագրողին թույլ չի տվել հանդիպել ծնողների հետ, թեև այդ մասին դիմումը ներկայացվել է դեռ 5 օր առաջ:
Հիշեցնենք, որ Միրկադըրովը Թուրքիայից արտաքսվել էր ապրիլի 19-ին: Բաքու ժամանելուն պես նրան ձերբակալել են և տեղափոխել ներքին գործերի նախարարություն: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար:
Tags: Ռաուֆ Միրկադըրով