Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնել այն մասին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը ժամանակավրեպ է:
«Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա բավարարել իր և ընտանիքի պահանջները, իսկ ավելացած գումարը կուտակել»,- ասաց Բորիս Խառատյանը:
Հարցին` երբևէ բարձրաձայնե՞լ եք, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական զամբյուղին, Բորիս Խառատյանը նախ փորձեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր սպառողական զամբյուղի մասին է խոսքը, ապա ասաց. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ: Հաշվարկում են տարբեր մեթոդաբանություններով և ստացվում են տարբեր թվեր: 45 հազար դրամ գործող նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանն էլ նշեց, որ սոցիալական համագործակցությունը հզոր գործիք է, որպեսզի սոցիալական արդարություն լինի, սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի: Շուշանիկ Բարսեղյանը նաև նշեց, որ Գործատուների հանրապետական միությունը այն կարծիքին, է, որ Հայաստանում տնտեսությունը, գործարարությունը կզարգանա, եթե զարգանա փոքր և միջին բիզնեսը:
Անդրադառնալով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեությանը` Բորիս Խառատյանը նշեց, որ կոնֆեդերացիան դատարաններ է դիմում հիմնականում վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հարցերով:
«Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ աշխատողի խախտված իրավունքների վերականգնելու պահանջով: Իսկ եթե գործատուն չի համաձայնվում դրանք շտկել, օգնում ենք աշխատողին դիմել դատարան»- ասաց Բորիս Խառատյանը:
