Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի աշխատաշուկան բավական տարբերվում է այլ երկրների աշխատաշուկաներից, այն շատ առանձնահատկություններ ունի:
«Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին: Կարող ենք ասել, որ այն ավելի հանգիստ է ու քիչ աղմկոտ, քան նախկինում», – ասաց բանախոսը:
Նա ուշադրություն հրավիրեց այն խնդրի վրա, որ մեր աշխատաշուկայում այսօր զբաղվածության հարցի հիմնական բեռն ընկած է փոքր բիզնեսի ուսերին. «Թվում է, թե մեծ ձեռնարկությունները պետք է լուծեն զբաղվածության խնդրի հիմնական մասը, այդպես է գոնե այլ երկրներում, բայց ոչ Հայաստանում»:
Գագիկ Մակարյանը կարծում է, որ խոշոր բիզնեսից առավելագույն օգուտ ստանալու համար պետք է գոնե հասնել այն բանին, որ հարկային հիմնական բեռը դրվի խոշոր ձեռնարկատերերի վրա, որոնց տված հարկերն էլ հիմնականում համալրեն բյուջեն:
Tags: Աշխատաշուկա, Գագիկ Մակարյան