Մայիսի մեկն այլևս նույն շուքով չի նշվում, այլ սիմվոլիկ՝ որպես հերթական հանգստյան օր. Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՀայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձանագրեց, որ մայիսի մեկն այլևս նույն շուքով չի նշվում: «Օրը շատ կարևոր է, և անհրաժեշտ է գիտակցել այս տոնի արժեքը: Նախկինում տոնի խորհուրդն ավելի մեծ էր, մարդիկ աշխատում էին, բավարարված էին իրենց աշխատանքից, հետևաբար հաճույքով նշում էին, իսկ այսօր Հայաստանում կարծես օրը սիմվոլիկ է նշվում՝ որպես հերթական հանգստյան օր», – ասաց Գագիկ Մակարյանն:

Նա անդրադարձավ աշխատաշուկայի հիմնական խնդիրներին` արձանագրելով, որ կուտակային կենսաթոշակների հետ կապված սկանդալն իզուր չէ հասունանում. «ՀՀ-ն դեռ պատրաստ չի կուտակային բարեփոխումներին, հույս ունեմ, որ նոր կառավարությունը կկասեցնի կուտակային վճարների իրականացումը»:

Մակարյանը նշեց, որ  նոր կառավարության ու վարչապետի փորձառության հետ մեծ հույսեր է կապում:  «Վարչապետը պիտի կարողանա կոնսոլիդացնել բոլոր ուժերին, հանել առկա լարվածությունը, մեծացնել վստահության մակարդակը կառավարության նկատմամբ և լուծել որոշ առաջնահերթ խնդիրներ», – եզրափակեց բանախոսը:

 

Tags: ,