Գյումրու երկաթուղայինների վերջին հույսը Գագիկ Բեգլարյանն է

26 004Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս: Ըստ նրանց, օրեր առաջ, Գյումրի այցելած ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ է տարածել, իբր թե մեքենավարները ստանում են 280 հազար դրամ աշխատավարձ: Անգամ աշխատավարձի, այսպես ասած, կեղտոտ հաշվարկներով, մեքենավարի աշխատավարձն այդքան չի կազմում: «Նրանք ներկայացրել են՝  մեքենավարն առձեռն  ստացել է 242 հազար դրամ, բայց փաստացի, մարդը 140 հազար դրամ է ստացել: Իրենց անալիզներն իրականությանը չեն համապատասխանում», – ասում է էլեկտրաքաշի մեքենավար Արմեն Ղազարյանը:
Վիկտոր Ռեբեցն ընդունել էր, որ բեռնափոխադրումները նվազել են, ինչի հետևանքով էլ աշխատավարձերը չեն կարող բարձրացնել, իսկ իր նշած աշխատավարձի չափը վերաբերում էր մարտ ամսին: «Մարտ ամսին մեքենավարն աշխատել է 166 ժամ, առանց ետպահումների ստացել է 248 հազար դրամ, իսկ մաքուր՝ 182 հազար դրամ», – ասում է Գյումրու լոկոմոտիվային դեպոյի արհմիության նախագահ Արսեն Գևորգյանը:
Մեքենավարների աշխատավարձերի մասին ուռճացված տվյալներ են հայտնել և՛ Վ.Ռեբեցին, և՛ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարին: Վերջինիս հետ գյումրեցի մեքենավարները հանդիպել և ներկայացրել են իրողությունը: Նախարարը համաձայնել է, որ մեքենավարները քիչ աշխատավարձ են ստանում և խոստացել մինչև մայիսի 10-ը նրանց խնդրին լուծումներ գտնել:
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների կրճատումներին,  աշխատակիցները պարզաբանում են, որ մոտ 1.5-2 տարի առաջ բեռնափոխադրումների վիճակը շատ լավ է եղել, իրենց աշխատավարձրերն էլ՝  բարձր. նախկինում տեղափոխել են Այրումից Գյումրի և հակառակ ուղղությամբ 15 վագոն՝ 1300 տոննա բեռ, ապա վագոնների քանակն ու բեռների քաշը ավելացրել են՝ 20 վագոն՝ 1700 տոննա: Այս տարվանից էլ  արդեն մոտ 3 ամիս մեքենավարներն այս երկաթուղով տեղափոխում են 20 վագոն՝ 1900 տոննա բեռ: Ավելացրել են նաև գնացքների արագությունը, բայց ինչպես ասում են մեքենավարները,  այս փոփոխություններից ոչ մեկն էլ իրենց աշխատավարձերի վրա դրականորեն չի ազդել:
«Նախկինում ամիսներ են եղել, որ ես 150 ժ եմ աշխատել, ստացել եմ 210 հազար դրամ աշխատավարձ, այս մարտ ամսին  աշխատել եմ 160 ժամ, ստացել՝ 180 հազար դրամ», – ասում է մեքենավար Երեմ Մանուկյանը:
Վիկտոր Ռեբեցը, հանդիպում ունենալով երկաթուղու աշխատակիցների հետ,  նշել է, թե մեքենավարները դժգոհում են աշխատավարձերից 31 տոկոս պահումների պատճառով.  «Բայց ես ինչ կարող եմ անել, ձեր կառավարության որոշումն է: Եթե ես պահումներ չանեմ, տուգանելու են: Դրա համար պրեմիաներն ենք կարճատել, որպեսզի կարողանանք բալանսը պահել»:

Նրա խոսքով՝ կամ էլ պետք է կոլեկտիվներում կրճատումներ արվեն և բարձրացվեն մյուսների աշխատավարձերը: Սակայն դեպոյի աշխատակիցներն այսօր ևս մեկ անգամ նշեցին, իրենք թույլ չեն տալիս որևէ մեկի աշխատանքից ազատել:
Պակասել է նաև մեքենավարներին հասանելիք գիշերային աշխատաժամերի գումարները՝ 50 տոկոսից իջել են 30-ի: Այս մասին ՀԿԵ գլխավոր տնօրենը մեկնաբանել է, թե  ՀՀ աշխատանքային օրենսգիրքն այդքան է սահմանում: «Այսինքն, մեր և պահակի աշխատանքը նույնն են համարում, այն դեպքում, երբ պահակն իր համար կարող է պառկել, քնել, իսկ մենք գիշերը գնացքներ ենք տեղափոխում, ուղևորների ու բեռների անվտանգություն ապահովում», – ասուլիսին նշեց մեքենավար Արմեն Ղազարյանը:
Վերջում, մեքենավարները հայտարարեցին, եթե Գագիկ Բեգլարյանի պատասխանը բացասական եղավ և իրենց աշխատավարձերի հարցին դրական լուծում չտրվեց, ապա կդիմեն անժամկետ գործադուլի:

Tags: , ,