Թայիփ Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին

atesyan  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն  ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ պատվիրակության ուղեկցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հայ համայնքի ղեկավար անդամներից Պետրոս Շիրինօղլուն, Քարագյոզյան հայկական դպրոցի ղեկավար,  խորհրդի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը և Աթեշյանի օգնական Հայկ Մյուրզօղլուն: Հանդիպումից հետո Աթեշյանը լրագրողների հետ խոսել է Էրդողանի վերջին հայտարարության մասին, որով նա իր «ցավակցություններն» է հայտնել 1915 թվականին տեղի ունեցածի առիթով: «Մեր հարգելի վարչապետը Նոյ մարգարեի ուղարկած աղավնու նման ձիթապտղի ճյուղ պարզեց: Մենք չենք կարող այն անտեսել: Ձիթապտղի ճյուղը խաղաղության խորհրդանիշն է: Չենք ուզում, որ այդ ճյուղը չորանա, ուզում ենք տնկենք այն, որ պտուղ տա: Իսկ դրա համար բոլորի օգնության կարիքը կա: Որպես պատրիարքություն՝ մենք հավանության ենք արժանացնում վարչապետի քայլը: Եկեք ձեռք ձեռքի տանք և մասնակցենք խաղաղության կամրջի կառուցմանը: Մեր այցը հենց այս նպատակն է հետապնդում»,-ասել է Աթեշյանը՝ նշելով, որ վարչապետի հետ հանդիպումը շատ ջերմ է անցել, քննարկվել են հայ համայնքին առնչվող հարցեր և մտքեր փոխանակել:

Tags: ,