Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել ՄԽ ամերիկացի համանախագահի նկատմամբ` պահանջելով հետ կանչել նրան այդ պաշտոնից

Արազ ԱզիմովԱդրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Արազ Ազիմովը նշել է, որ ամերիկացի համանախագահը ավելի շատ նախընտրում է շփվել ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, և հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման “ոչ ընդունելի դիրքորոշմամբ”: Նման հայտարարությամբ ադրբեջանցի պաշտոնյան հանդես է եկել “ԱՊԱ” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

 

“Պարոն Ուորլիքը իրեն թույլ է տալիս կամայականորեն մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ընկած են կարգավորման հիմքում, ի դեպ, իրենց մանդատը հստակ սահմանում է միջոցների գործունեության շրջանակները: Ամերիկացի միջնորդի որոշ արտահայտություններ ընդհանրապես սադրիչ բնույթ են կրում: Ուրիշ ինչ կերպ կարելի է անվանել նրա կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման հնարավորության մասին ինչ-որ լուրերի տիրաժավորումը: Իսկ առաջարկությունը, թե ինչ կարելի է քաղել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար, ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում: Մենք չենք կարող աչք փակել պարոն Ուորլիքի կողմից նման հայտարարությունների վրա, որոնք հակասում են համանախագահների մանդատին, խախտում են վստահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի նկատմամբ և վնասում բանակցային գործընթացին”,-հայտարարել է Ազիմովը:
“Վերը նշվածը ադրբեջանական կողմից տալիս է բոլոր հիմքերը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու և նրան այդ պաշտոնից հետ կանչելու հարցով ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու համար: Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական կողմին ընտրության հնարավորություն չի տալիս”,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար:

 

 Անկախ

Tags: , ,