Վրաստանում ծաղիկ հիվանդության անհայտ վարակ է հայտնաբերվել

o_746492 (1)Մասնագետները նոր վարակն անվանում են բնական ծաղիկի «զարմիկը»: Առնվազն 3 վարակվածի մասին տեղեկություն կա. դրա մասին է հայտնվում ԱՄՆ-ի հիվանդության կանխարգելման ու վերահսկման դաշնային  կենտրոնում:

Ամերիկացի գիտնական բժիշկներին հրավիրել են վրացի գործընկերները, քանի որ իրենք չեն կարողացել այն  ախտորոշել: Առաջինն այդ նոր հիվանդությունով վարակվել են 2 հովիվ: Մեկի մոտ սկզբում սիբիրյան խոց են կասկածել, ինչն անալիզով չի հաստատվել:

Հետագայում մասնագետները պարզեցին, որ  ծաղիկ հիվանդության այս տարատեսակը մինչ այդ գիտնականներին չի հանդիպել ու, հետևաբար, սեփական անվանում էլ չունի: Մասնագետները վարակի տվյալ  տեսակը շատ կարևոր է համարում, քանի որ ծաղիկը կարող է կիրառվել որպես կենսաբանական զենք:

Հիվանդության փոխանցման դեպքեր դեռևս չեն արձանագրվել: Մահացության մասին տվյալներ նույնպես չկան: Երկու հովիվներն էլ հիմա առողջացել են: Ավելի ուշ նման հիվանդություն էր հայտնաբերվել ևս մեկ հիվանդի մոտ, Վրաստանի մեկ ուրիշ մարզում: Ծաղիկ է հայտնաբերվել նաև մի քանի ընտանի կենդանիների ու կրծողների մոտ:

Բժիշկները հիշեցնում են, որ ծաղիկ հիվանդության վերացումից հետո դրա դեմ այլևս չեն պատվաստում: Հիմա  հիվանդությունը տարբեր  տարատեսակներով հաճախ է հանդիպում` պայմանավորված  մադկանց իմունիտետի թուլացմամբ:  Բնական ծաղիկ հիվանդությունից մահացությունը ժամանակին կազմել է  մինչև 30%:

Անկախ

Tags: