Թեհրանում իրանահայ մամուլի պատասխանատուների հետ քննարկել են ցեղասպանության 100-ամյակի քայլերը

images (22)Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված  աշխատանքների մեկնարկն արդեն իսկ  տրված է:

Օրերս Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դահլիճում այս առիթով կյանքի կոչված հանձնախումբը հանդիպման էր հրավիրել  իրանահայ մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների պատասխանատուներին` խորհրդակցելու եւ միասնաբար քննարկելու իրականացվող աշխատանքների արտացոլման եղանակները` իհարկե այն թողնելով մամուլի պատասխանատուների հայեցողությանը, ձեւաչափի կառուցվածքը` մամուլում սյունակային կամ էջային կանոնավոր անդրադարձին, որտեղ անպայմանորեն զետեղված կլինի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակը  խորհրդանշող լոգոն: Սա, իհարկե, հանձնախմբի կողմից մշակված հայեցակարգի համաձայն իրականացվող միջոցառումների արտացոլումից զատ:

100-ամյակի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանը նշեց, որ արդեն կան հաստատված հստակ գործունեության ուղեգիծ եւ համապատասխան ծրագրեր, որոնք համազգային ու միասնական գաղափար են  պարունակում, եւ միջոցառումների,գիտաժողովների ու տարատեսակ նախաձեռնությունների շնորհիվ արձագանքը նպատակային եւ արդյունավետ կլինի:

Իրենց տեսակետները հայտնեցին նաեւ մամուլի պատասխանատուները, ովքեր նաեւ առաջարկություններից բացի իրենց պատրաստակամությունը հայտնեցին  սերտ համագործակցելու հանձնախմբի հետ, լիարժեք նրանց տրամադրելու իրենց բոլոր հնարավորությունները, քանի որ այս կարեւոր տարեթիվը համազգային նշանակություն ունեցող պահանջատիրություն է, և առավել միահամուռ ջանքեր են անհրաժեշտ:

Վերջում հստակեցվեց, որ նման հանդիպումները լինեն ավելի հաճախակի եւ կրկին կրեն խորհրդակցական ու նպատակային աշխատանքների բնույթ:

 

Թեհրան, ՙԱԼԻՔ՚ օրաթերթ

Արմինե Էլիազյան

 

Անկախ

Tags: , ,