ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալում է Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին

ԱՄՆ դեսպանատունԱպրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ պետքարտուղարության DanceMotion ծրագրի շրջանակում կհյուրընկալի Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին, որը նրբաոճ ժամանակակից ամերիկյան պարը ներկայացնելու հետ մեկտեղ կնպաստի մշակութային ճանաչողությանը և փորձի փոխանակմանը:

Հայաստանում նախատեսվող միջոցառումները ներառում են պարի դասեր, ներկայացումներ  խոցելի խմբերի համար, վարպետության դասեր տեղի պարողների համար, համատեղ ստեղծագործական աշխատանք ԱՄՆ-ից ժամանած խմբի ու տեղի պարային համույթի միջև և համերգ, որը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Հյուրախաղերի ընթացքում պ-ն Դորֆմանը նաև ընտրելու է պարողներ Հայաստանից և Թուրքիայից, ովքեր 2014թ. ամռանը ԱՄՆ-ում կմասնակցեն պարուսուցման ինտենսիվ ծրագրի:

Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Դեյվիդ Դորֆմանի ղեկավարության ներքո գործող  Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնն իր հանդիսատեսին մասնակից է դարձնում պարարվեստին, խրախուսում ու քաջալերում հանդիսատեսի հետ ակտիվ զրույցը պարերում առաջ քաշված թեմաների ու խնդիրների շուրջ: Դորֆմանի մոտեցումը պարարվեստին հետևյալն է. ներկայացնել առօրյա հերոսներին՝ տեսանելի հումորով ու պաթոսով: Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը հիմնադրվել է 1985թ. և այդ ժամանակվանից ի վեր խումբը բազմիցս հանդես է եկել Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, իսկ վերջերս Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ ու Կրասնոյարսկ քաղաքներում և Լեհաստանի  Բիտոմ և Կրակով քաղաքներում: Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնն 8 անգամ արժանացել է Բեսսի հեղինակավոր մրցանակին:

DanceMotion USA ծրագիրը ԱՄՆ պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի ծրագիրն է, որ մշակվել է Բրուքլինի երաժշտական ակադեմիայի կողմից: DanceMotion USASM նաև խթանում և դյուրացնում է համընդհանուր երկխոսությունը կատարողական արվեստների մասին՝ ոլորտի կազմակերպական ու տեխնիկական հարցերով մասնագետների ու պատասխանատուների միջև: Կլոր սեղան քննարկումների, տեխնիկական միջոցների հետ կապված ուսուցումների միջոցով, ինչպես նաև այլ եղանակներով ծրագրի մասնակիցները փոխանակում են մտքեր, գաղափարներ, ծանոթանում լավագույն փորձին՝ իրական օրինակների հիման վրա և ձևավորում գործընկերների լայն ցանց աշխարհով մեկ:

 

 

Tags: ,