«Էս սհաթիս էլ զենքը վեր կունեմ, կքյնամ` կռվելու». 81-ամյա այգեպարցի բնակիչ

10176003_736175803071678_5896466335082590084_n“Պա’պ, մի հատ կրակեցին…”,-երեկ երեկոյան` 20:30-ի սահմաններում, ադրբեջանական կրակահերթի ձայնը լսելուց հետո ասաց Տավուշի մարզի Այգեպար գյուղի 12-ամյա բնակիչ Սայադ Արզումանյանը:

Բակում երեխաների հետ խաղալիս անգամ երեխայի ուշադրությունն ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող դիմացի սարն է` հակառակորդի դիրքը: <<Մի հատը ոչինչ>>,-պատասխանեց Սայադի զինվորական հայրը:

Սայադը որոշումը չի փոխել` զինվոր է դառնալու, ծառայելու է Տավուշում` պահպանելով հայրենի գյուղի սահմանը: Ֆուտբոլի երկու գնդակները Սայադին Գերմանիայից են ուղարկել` համացանցում լսելով նրա` զինվոր դառնալու մասին խոսքը, որոշել են ուրախացնել փոքրիկ սահմանապահին: Խաղի գնդակները ցած է դնում, հետո պահարանից հանում իրնեց տան ուղղությամբ ադրբեջանական դիպուկահարների արձակած արդեն պայթած գնդակները:

10271590_736175983071660_4653910906160277660_n<<Էդ տականքները ինչ են ուզում մեզնից>>,-սա արդեն տան ավագ Սայադը` Սայադի 81-ամյա պապն է վրդովվում: Հիշում է Այգեպարին կպած ադրբեջանական Ալիբեյլիի հետ հարևանական տարիները և ավելացնում` <<թուրքը մնըմ ա թուրք>>:

Վարպետ Սայադի խաղողի այգին հենց դիպուկահարի դիտակետում է: <<Գնում ենք, որ մշակենք, շատ վախտ ճամփի կեսից հետ ենք գալի, կրակում են, չեն թողնում` աշխատենք: Կապույտ ժիգուլի ունեի, գնում էի դրանով Թովուզ-Կայարան, ադրբեջանցի շատ ծանոթներ ունեի: Ադրբեջաներեն մաքուր խոսում եմ: Էս սհաթիս էլ զենքը վեր կունեմ, կքյնամ` կռվելու>>,-ասում է 81-ամյա այգեպարցի բնակիչը:

Ինչ վերաբերում է տավուշցիների` հայ-ադրբեջանական սահմանը հատելուն, ապա Սայադ Արզումանյանի խոսքով, շուտով էդ խնդիրը, հավանաբար, էլ չի լինի, շփման գծի ամբողջ երկայնքով փշալար է քաշվելու: <<Մեր շունը որ շուն ա, չէ, էն կողմն անց չի կենա, դրանց հոտը /նկատի ունի ադրբեջանցիներին/ տարբեր ա: Մեկ-մեկ, որ մոտ ենք լինում սահմանին, շունը վռազ հետ ա գալի>>,-ասում է այգեպարցի բնակիչը:

10294457_736177056404886_3989320408430217988_nՍահմանամերձ գյուղի սահմանապահ ընտանիքի գլխավոր ցանկությունը խաղաղությունն է: Փոքրիկ Սայադը նաև քույր ունի, որի նպատակն է տնտեսագիտական համալսարան ընդունվելը: Իր սենյակի լուսամուտը ուղիղ հակառակորդի դիրքապահներին է նայում: Անին հենց այստեղ է դասերը պատրաստում: Հանրապետության նախագահը, ի պատասխան իրեն ուղղված նամակի, Անիին համակարգիչ է նվիրել:

 

Անկախ

Tags: , ,