Հայաստանում է Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը

DSC08656Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը կիրակի ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Նյույորքյան խումբը ժամանել է Հայաստան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ  DanceMotion ծրագրի շրջանակներում:

<<Մենք շատ ջերմ ընդունելության արժանացանք Հայաստանում և շատ անգամ  կճմթում էինք իրար հավատալու համար, որ սա իրականություն է, որովհետև այստեղ գտնվելը մի տեսակ երազանք էր մեզ համար: Մենք նաև հիանալի հնարավորություն ունեցանք հանդիպելու  հայ հրաշալի երեսուն պարողների հետ: Արդեն հասցրել ենք լինել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես նաև Գեղարդում >>,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է Դեյվիդ Դորֆմանը:

Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը հիմնադրվել է 1985 թվականին, և այդ ժամանակից ի վեր խումբը հանդես է եկել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, իսկ վերջերս` նաև Ռուսաստանում: Պարի թատրոնը 8 անգամ արժանացել է Բեսսի հեղինակավոր մրցանակին:

Խումը տարբեր ոճեր և տեխնիկա է կիրառում: Պարողներից  ոմանք նախկինում բալետում են պարել, իսկ թատրոնի ղեկավարը հիմնականում դիսկո է պարում, ինչը իր ազդեցությունն է թողնում խմբի ընդհանուր ստեղծագործությունների վրա: էթնիկ տարրեր , սակայն, այնքան էլ  չի գործածվում, ավելի շատ դիսկո ոճի պարեր են, ինչպես նաև կան աֆրիկյան պարի տարրեր: Ութհոգանոց խմբից երեքը կին է, հինգը` տղամարդ: Գրեթե բոլորը ունեն ազգային տարբեր պատկանելիություն. ճապոնացի, ինդոնեզացի, աֆրոամերիկացի և այլն:

Երևանյան ելույթի ժամանակ թատրոնը կներկայացնի երկու պար.<<Մեկը կոչվում է <<Կանխահաս ուրախություն>>: Ես այն կանվանեի <<Ստեղծագործություն` ընդդեմ պատերազմի>>: Դուք այն կարող եք մեկնաբանել ինչպես ցանկանաք, սակայն մենք ունենք շատ պարեր, որոնք բռնության դեմ պայքարին են նվիրված: Սա մի լավատեսական ստեղծագործություն է, որ նախանշում է` ուրախություն կա  ամեն իրավիճակում>>,-նշեց Դեյվիդ Դորֆմանը: Ծրագիրը կավարտվի <<Լամպի տեսություն>> կոչվող պարի կատարմամբ, որին ներգրավված կլինի ողջ պարախումբը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ,  նման ծրագրեր իրականացնելով, դեսապանատունը նպատակ է դրել  խորացնելու երկու ժողովուրդների միջև կապը, և  իրենք փորձում են ժողովուրդների միջև կապը ձևավորել բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև մշակույթի: <<Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը Երևանը լքելուց հետո կմենի Թուրքիա, ապա` Տաջիկստան: Ուրախալի է, որ խումբը կծանոթանա տարածաշրջանին և միգուցե կկարողանա իր փոքր ներդրումը ունենալ տարածաշրջանի երկրների հարաբերությունները սերտացնելու գործում>>, – ասաց դեսպան Ջոն Հեֆերնը:

Հյուրախաղերի ընթացքում Դորֆմանը ընտրելու է պարողներ Հայաստանից և Թուրքիայից, ովքեր 2014թ. ամռանը ԱՄՆ-ում կմասնակցեն պարուսուցման ինտեսցիվ ծրագրի:

Անկախ

Tags: