Human Rights Watch-ը հերթական անգամ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

1 (1)Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն ճնշումներ գործադրել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու`Արիֆ Յունուսի նկատմամբ: Ադրբեջանի միջազգային գործընկերները, մասնավորապես`Եվրոպայի խորհրդի կոլեգաները, պետք է հստակ ցույց տան, որ եթե շարունակեն հետապնդել իրավապաշտպաններին, ապա դա կազդի Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց հարաբերությունների վրա: Այս մասին ասվում է միջազգային “Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպության` մայիսի 2-ին տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Ապրիլի 28-ին ադրբեջանական իշխանությունները Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն արգելել են Բաքվի օդանավակայանից թռիչք կատարել, նրանցից խլել են անձնագրերը և 24-ժամյա տանջանքների են ենթարկել, ինչի հետևանքով Արիֆ Յունուսը հոսպիտալացվել է: Դատախազությունը հետագայում նրանց ճանաչել է որպես վկաներ`ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի գործով, ով մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար:

“Իշխանությունները պետք է անմիջապես վերադարձնեն Յունուսովների անձնագրերը և դադարեն խախտել ազատ տեղաշարժման նրանց իրավունքը”,- նշված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջան կայցելի մայիսի 11-12-ին, և ակնկալվում է, որ Լեյլա Յունուսը կարող է հանդիպել նրա հետ Բաքվում: 2013թ.-ին Լեյլան պարգևատրվել է “Պատվո լեգիոն”`Ֆրանսիայի ամենաբարձր կարգի շքանշանով մարդու իրավունքների պաշտպանության և խիզախության համար: “Այդ իսկ պատճառով Օլանդը պետք է պնդի Յունուս զույգի հետ հանդիպպան հարցում` հասկացնելով, որ նրանց  և Ռաուֆ Միրկադըրովի ազատությունը կարևոր նշանակություն ունի ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների համար”,-ընդգծված է կազմակերպության հայտարարությունում:

Անկախ

Tags: ,