Հայ-թուրքական սահմանի բացման համար պետք է գործի անցնի քաղաքացիական հասարակությունը. Ուֆուք Ուրաս

ufuk «Կանաչներ և ձախ ապագա» կուսակցության ներկայացուցիչ, թուրք նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, Պատմության հիմնադրամի նախագահ Բյուլենթ Բիլմեզը և լրագրող Ադնան Գենչը «Ակօս»-ին պատմել են Հայաստան կատարած այցելության մասին, որի ընթացքում նրանք մասնակցել են նաև ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ: Պատվիրակության անդամները նշել են, որ իրենց այցը մեծ հետաքրքրության արժանացավ մամուլի և հանրության կողմից, իսկ իրենց այցը Ծիծեռնակաբերդ ուղիղ եթերով հեռարձակեցին հայկական 10 հեռուստաալիքներ:

Խոսելով ապագայի հետ կապված պլանների մասին՝ Ուֆուք Ուրասը նշել է, որ մտադիր են երկու երկրների խորհրդարանականներից կազմված բարեկամության խումբ ձևավորել, հայ-թուրքական սահմանի բացման համար շարժման մեջ դնել քաղաքացիական հասարակությանը: Նպատակ կա զարգացնելու նաև երկկողմ մշակույթային հարաբերությունները: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի գործոնին, ապա Ուրասը նշել է. «Իրանում մեծաքանակ ադրբեջանցի բնակչություն կա: Այնուհանդերձ Իրանը Ղարաբաղի հարցը պատճառ դարձնելով Հայաստանի հետ հարաբերություններում սահմաններ չի դնում: Ընդհակառակը, Իրան-Հայաստան հարաբերությունները բավական դրական են երևում: Այս պարագայում անհասկանալի է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակ է պահում՝ պատճառ բերելով Ղարաբաղը»:

Ուրասը Հայաստան կատարած այցը ընդհանուր առմամբ դրական է գնահատել և նշել, որ նման այցելությունները մեծ կարևորություն ունեն երկու երկրների միջև ձևավորված բացասական ընկալումները կոտրելու տեսանկյունից:

Անկախ

Tags: