Տիգրան Համասյանը հաջորդ տարի համերգներով հանդես կգա Թուրքիայի հայկական եկեղեցիներում

համասյան Աշխարհահռչակ ջազ դաշնակահար 26-ամյա Տիգրան Համասյանը այս օրերին Ստամբուլում է, որտեղ զբաղված է հաջորդ տարի Թուրքիայի տարբեր քաղաքների եկեղեցիներում համերգների նախապատրաստական աշխատանքներով: Համասյանի հետ հանդիպել է «Ակօս»-ից Մարալ Դինքը և զրուցել ստեղծագործական գործունեության, անցած ուղու և սպասվող համեգների մասին: «Ծնվել եմ Գյումրիում: Երեք տարբեր երաժշտական դպրոցներում եմ սովորել: 10 տարի դասական երաժշտական կրթություն եմ ստացել: Երբ 16 տարեկան էի, արտագաղթեցինք ԱՄՆ և հաստատվեցինք Լոս Անջելոսում: Հայրս ռոք երաժշտության, իսկ հորեղբայրս՝ ջազի սիրահար էր: Շատ տարբեր երաժշտությունների մեջ եմ մեծացել: Ջազ դաշնակահարի կրթություն եմ ստացել: Գյումրիում կյանքը ծանր էր, ընտանիքս շատ դժվարություններով է անցել: Գյումրիում և Երևանում անցակցրած տարիներին էլ ձևավորեցին իմ կյանքն ու արվեստը»,-պատմել է Համասյանը:

Ներկայումս Երևանում բնակվող տաղանդավոր արվեստագետը Հայաստան վերադառնալու մասին նշել է. «Այնտեղ ինձ տանն եմ զգում, այնտեղ ավելի երջանիկ եմ: Դա միայն մշակույթի հետ կապված չէ: Այնտեղ հոգևոր հարստության մեջ եմ: Հայաստանը այն տեղն է, որտեղ ինձ աշխարհի հետ առավել կապված եմ զգում»: Խոսելով Թուրքիայի երբեմնի հայաբնակ քաղաքներում համերգներ ունենալու որոշման մասին՝ Համասյանը նշել է, որ իր նախնիները Կարսից են և այդպիսով ցանկանում է վերադառնալ իր արմատներին: Համասյանի հայերեն երգերը կենդանություն կտան Անիին, Վանի Աղթամար եկեղեցուն, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցուն և Ստամբուլի եկեղեցիներին:

Անկախ