Բանդայի նոր գործը՝ դատարանում

03.05.14«Տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով» ստեղծված բանդայի գործով ավարտվել է նախաքննությունը և ուղարկվել դատարան:
Գործով մեղադրյալներն ընդհանուր առմամբ 9-ն են, որոնցից 4-ին՝ ի թիվս այլ մեղադրանքների, առաջադրվել է բանդիտիզմի մեղադրանք, մասնավորապես, մեկ մեղադրյալի` բանդա ստեղծելու ու  ղեկավարելու, ևս երեքին՝ բանդայում մասնակցության մեղադրանքներ:
Այսպես, ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Ռաֆայելը Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա: Դրա  կազմում, ըստ մեղադրական եզրակացության, նա  2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրանին, հետագայում նաեւ` Հայկին ու Կարենին։
«Ռաֆայելի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած բանդայի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայելի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ վազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12 մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121»  մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Կազմակերպված զինված խմբի հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ «բանդայի անդամներից Կարենը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն»: Դատելով մեղադրական եզրակացությունից՝ խմբի մյուս անդամները սպանության դիտավորություն չեն ունեցել:
Ըստ գործի նյութերի՝ բանդայի անդամ Տիգրանը բանկերից մեկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ` հիշյալ բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի հետ, ով ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով՝ հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։
«Հանցավոր մտադրության համաձայն՝ Տիգրանն էդիտայի հետ խմբով, նախնական համաձայնությամբ՝ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Մնացականն օժանդակել է 2012 թվականի նոյեմբերի 19-ից 2013 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում էդիտայի և վերջինիս ամուսնու՝ Տիգրանի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 46.788.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարի և 5.970.000 ՀՀ դրամի հափշտակությանր, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք:
Գոհարը, առաջադրված մեղադրանքի համաձայն, եւս օգնել է էդիտային և վերջինիս ամուսնուն ավանդատուների հաշվեհամարներից գումարների հափշտակությանը, բայց արդեն 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Հափշտակված գումարը կազմում է 73.169.992 ՀՀ դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար և 23.923.795 ՀՀ դրամ։
Վահեն մեղադրվում է այն բանի համար, որ ամուսիններին 2013 թվականի մարտի 14-ին օժանդակելու մեջ, որի արդյունքում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.428.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար։
Մառլենը, ըստ մեղադրանքի, Էդիտային եւ նրա ամուսնուն օժանդակել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ն ընկած ամանակահատվածում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների աշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 65.858.153 ՀՀ դրամին համարժեք 147.740 ԱՄՆ դոլարի և 5.505.000 ՀՀ դրամի հափշտակությանը:
Այսպիսով՝ Ռաֆայելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով՝ բանդա ստեղծելը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով՝ ավազակություն, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով՝ ավազակություն:
Տիգրանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, որ կատարվել է համակարգչային տեխնիկայի  օգտագործմամբ, 222-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բանդայում մասնակցությունը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հայկին մեղադրանք է առաջադրվել 222-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կարենին՝ 222-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ կամ բանդիտիզմով սպանություն:
Մնացականը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակել, 235-րդ հոդվածի 1-ին մասով, Էդիտան` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գոհարը` 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վահեն և Մառլենը՝ 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով:
Առաջին 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երեք մեղադրյալի նկատմամբ՝ չհեռանալու ստորագրությունը:
«Փաստինֆո»

 

Tags: ,