Թուրքիայում խուզարկել են ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի բնակարանը

ՄիրկադիրովՄայիսի 4-ի կեսօրին ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովի Անկարայի բնակարանում, որտեղ բնակվում են լրագրողի կինը և երեխաները, Թուրքիայի հատուկ ծառայությունները խուզարկություն են անցկացրել:

Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, լրագրողի կինը՝ Ադելյա Բաբախանովան, տեղեկացրել է, որ իրենց բնակարան է եկել 11 մարդ, ովքեր նշել են, որ խուզարկությունն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների հարցման համաձայն: Խուզարկության ընթացքում առգրավվել են մի շարք փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ լրագրողի դստեր պլանշետը:

Դրանից հետո բանակարան է եկել Ադրբեջանի դեսպանության աշխատակիցը, ով Բաբախանովային ամուսնու մասին հարցեր է ուղղել: Այնուհետ՝ Ադելյա Բաբախանովային հրավիրել են Ադրբեջանի դեսպանություն, որտեղ նա հարցաքննվել է Բաքվից ժամանած քննիչների կողմից: Հարցաքննությունն  իրականացվել է առանց փաստաբանի ներկայության:

Հիշեցնենք, որ Միրկադըրովը Թուրքիայից արտաքսվել էր ապրիլի 19-ին: Բաքու ժամանելուն պես նրան ձերբակալել են և տեղափոխել ներքին գործերի նախարարություն: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

Tags: ,