Հրանտ Բագրատյանի առաջադրումը՝ քաղաքական ռոմանտիզմ.Կարեն Քոչարյան

   կարեն քոչարյան«Այս կառավարությունը պրագմատիկ կառավարություն է լինելու. «պրագմատիկ»  բառն, իհարկե, ավանսով եմ օգտագործում, պարզապես տեսնելով որոշ քաղաքական գործիչների գործունեությունը՝ կարծում եմ  կարող եմ այս բառը կիրառել: Սա կապված չէ նրա հետ, որ, օրինակ, կոռուպցիան կվերանա և այլն, այլ իմաստն այն է, որ այս կառավարությունը ավելի մոտ է իրականությանը, «կպած գետնին». այն իրական է նվազագույնը  վերջին 20 տարում գործող համակարգի համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

  Ըստ Քոչարյանի՝ երբ լսել է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ  նշանակվելու մասին լուրը, նշել է, որ նա ամենաներդաշնակ թեկնածուն է գործող համակարգի համար:

Այն պնդմանը, թե շատ է շահարկվում նոր կառավարության կազմում Ռոբերտ Քոչարյանի «մարդկանց» նշանակման հանգամանքը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ի ՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանի մարդիկ: Այդ մարդիկ վերջին վեց տարում անգործ չեն եղել. նրանք կամ ՀՀԿ-ի անդամ կամ կառավարության ներկայացուցիչներ են եղել: Հանրապետական կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է և նշե՛ք մեկ անուն,  որ ՀՀԿ-ից չէ»:

Սպորտի նախարարի պաշտոնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտային բաժնի պետ Գաբրիել Ղազարյանի նշանակումը մեկնաբանելով՝ Կարեն Քոչարյանը նշեց. «սա ուրիշ պատմություն է. դա մտնում էր այն փաթեթի մեջ, որի շուրջ համաձայնության են եկել ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Երկրորդ անգամ Հովիկ Աբրահամյանի հետ Գագիկ Ծառուկյանի նախագահական գնալը նշանակում էր պայմանավորվածություն՝ ոչ թե կոալիցիա մտնելու, այլ որոշակի փաթեթի շուրջ, որի մեջ էլ մտնում էր հենց սպորտի նախարարի նշանակումը»:

ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին քաղտեխնոլոգը հումորով պատասխանեց. «Լավ ասացվածք կա. մեռելների մասին կամ լավ կամ՝ ոչինչ. ես գերադասում եմ ոչինչը»:

«Հրաշալի քառյակի» քայլերի մասին խոսելով՝ Քոչարյանը մերժեց «Հրաշալի քառյակի» տանուլ տալու գաղափարը և նշեց, որ այդ քառյակից նվազագույնը եռյակը չի մասնակցել ԱԺ նախագահի ընտրություններին՝ բոյկոտել է, ինչը նորմալ է, իսկ Հրանտ Բագրատյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրումը մեկնաբանելով՝ նշեց, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը պետք է պրագմատիկ լինի: «Ես չեմ մեղադրում Հրանտ Բագրատյանին ինքնաառաջադրման համար, բայց նրա առջադրումը որակում եմ որպես  քաղաքական ռոմանտիզմ: Սրանով մթնոլորտ չեն փոխում, եթե շանս չունեն»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Անկախ

«Անկախ»-ի այն հարցին, որ հնարավո ՞ր է արդյոք կառավարության ապագա ծրագրի շուրջ չորս քաղաքական ուժերի համագործակցությունը, Քոչարյանը նշեց, որ այս անգամ անպայման կփորձեն ինչ-որ բան, և այստեղ ԲՀԿ-ն ավելի ճկուն կլինի՝ հենվելով Գալուստ Սահակյանի ընտրության փորձի վրա՝ համոզելու մյուս քաղաքական ուժերին, որ ինչ-որ ընդհանուր բան արվի, որպեսզի միայն ԲՀԿ-ի անունը չհնչի, քանի որ կա ԲՀԿ-ի «փչանալու» վտանգը:

Tags: , ,