Չինաստանի Գուանչժոու քաղաքի երկաթուղային կայարանում դանակներով զինված տղամարդիկ հարձակվել են ուղևորների վրա՝ վիրավորելով վեց մարդու:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը կրակել և բռնել է հարձակվողներից մեկին:
Այս դեպքից գրեթե մեկ շաբաթ առաջ Չինաստանի արևմտյան հատվածում ռումբի պայթյունի և դանակներով հարձակումների հետևանքով զոհվել էր մեկ մարդ, իսկ շուրջ 80-ը վիրավորվել: Մահացել էին նաև որպես կրոնական ծայրահեղականներ բնութագրված երկու կասկածյալներ:
Վերոնշյալ հարձակումները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքի երկաթուղային կայարանում: Ոստիկանության տեղեկություններով կայարանի ելքի մոտ ռումբի պայթյունից հետո դանակներով զինված մի խումբ մարդիկ հարձակվել էին ուղևորների վրա:
Այս ինքնավար շրջանում անջատողականների կողմից բռնությունների աճ է գրանցվել:
